Մանդարինը ոչ միայն կարող է զարդարել ձեր ամանորյա սեղանը, այլեւ նպաստել, որ Ամանորին ձեր դեմքի մաշկն անթերի տեսք ունենա: NEWS.am STYLE-ը ներկայացնում է մանդարինով դիմակների պատրաստման մի քանի տարբերակ:
Չոր եւ նորմալ մաշկի համար: Մանդարինի կեղեւը չորացրեք եւ աղացեք: 1 ճաշի գդալ մանդարինային խյուսին ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասերի եւ 1 ճաշի գդալ ձվի դեղնուցի խառնուրդ: Քսեք դեմքին, 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրում թրջած բամբակով:
Յուղոտ մաշկի համար: Մեկ մանդարինը մաքրեք, ճզմեք, խառնեք 2 ճաշի գդալ յոգուրտի կամ ձվի սպիտակուցի հետ, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնեք, քսեք դեմքին, 15-20 րոպե անց սառը ջրով լվացեք:
Խոնավեցնող դիմակ: 2 մանդարինը քամեք, ավելացրեք մի քիչ տաք կաթ, 2 ճաշի գդալ վարսակի (հերկուլես) փաթիլներ: Խառնեք այնքան, մինչեւ միատարր զանգված ստացվի, քսեք դեմքին' պահելով 10-15 րոպե: Դիմակը մաքրեք թաց բամբակով, այնուհետեւ դեմքը լվացեք տաք ջրով:
Լոսյոն յուղոտ մաշկի համար: Մանդարինը կեղեւով մանր կտրատեք, վրան կես բաժակ օղի լցրեք: Դրեք զանգվածը մութ տեղ եւ պահեք 6-7 օր: Այնուհետեւ բացեք այն, առանձնացրեք խյուսից, ավելացրեք մի փոքր եռացրած ջուր եւ դրանով դեմքը լվացեք առավոտյան եւ երեկոյան: