Մարդկության պատմության ընթացքում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել: Մենք զարգացրել ենք բժշկությունը, կատարել տեխնոլոգիական հայտնագործություններ և գաղութացրել ողջ աշխարհը: Ցավոք, աշխարհը գաղութացնելու համար կիրառվել է հսկայական զինվորական ուժ: Տարբեր ազգեր կռիվ են տալիս իրար դեմ, որպեսզի մենք կարողանանք մեր ազգային դրոշը ծածանել այնտեղ, որտեղ մենք ենք ցանկանում: Միլիոնավոր մարդիկ են զոհվել սոսկ այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք ասել. «Այս հողակտորը մեզ է պատկանում»: Ասում են, որ հենց այս ճանապարհով են մարդիկ դառնում աշխարհի ամենադոմինանտ արարածները: Մինչ մենք զբաղված ենք աշխարհում մեր տիրապետությունը հաստատելով, միջատները նույնպես լուռումունջ գաղութացնում են աշխարհը, և դա տեղի է ունենում անմիջապես մեր ոտքերի տակ:
Մրջյունները շատ կազմակերպված միջատներ են և ունեն հստակ մշակված աշխատանքային էթիկա: Նրանց գաղութները կազմված են ստորգետնյա խաչվող թունելներից, որոնցում տարածք է առանձնացված սննդի պահպանման, խաչասերման, աղբի համար և որոնցում անգամ սնկի պարտեզներ կան: Վերջերս «Մրջյուններ. Բնության գաղտնի ուժը» վերնագրով վավերագրական կինոնկար թողարկվեց: Կինոնկարում ցույց էին տալիս, թե ինչպես էին մրջյունների մի շատ մեծ գաղութում պեղումներ անցկացվում:
Գաղութները երբեմն միասին աշխատում են ավելի մեծ գաղութ ստեղծելու համար: Մինչև 2000 թ. համարվում էր, որ մրջյունների ամենամեծ գաղութը Ճապոնիայի Հոկայդո կղզում է: 2.7 կմ տարածությամբ այս գաղութը կազմված է 45.000 մրջնաբներից: Ըստ հաշվարկների' այնտեղ մոտ մեկ միլիոն թագուհի մրջյուն կա: Այս մեկ միլիոն թագուհիների ենթակայության ներքո աշխատում էր 306 միլիոն աշխատավոր մրջյուն:
Արճճի մեջ պահպանված մրջյունների գաղութ
Այդ ժամանակից ի վեր այնպիսի բացահայտումներ են արվել, որոնց լույսի ներքո Ճապոնիայի գաղութն աննշան է թվում: ԱՄՆ-ում հայտնաբերվել է 900 կմ տարածությամբ գաղութ: Այս գաղութը հայտնի է «Կալիֆորնիայի Մեծը» անունով: 2004 թ.-ին մի այլ մեծ գաղութ է հայտնաբերվել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Գաղութի լայնությունը 100 կմ է կազմում: Աշխարհի ամենամեծ գաղութը հայտնաբերվել է Հարավային Եվրոպայում՝ 2000 թ.-ին: Այս գաղութի մեծությունն ուղղակի ապշեցուցիչ է: Մոտ 6000 կմ տարածության վրա սփռված այս գաղութը կազմված է երկու տարբեր գաղութներից: Այստեղ կան միլիոնավոր թագուհիներ և միլիարդավոր աշխատողներ: Նրանք միասին բանում են այս հսկայական տարածքում, որն իր չափերով գերազանցում է աշխարհի բազում քաղաքներին:
Ամբողջ աշխարհով մեկ սփռված այս գաղութները բնակեցված են միևնույն տեսակի' արգենտինական մրջյունների կողմից: Թեպետ մինչև վերջերս տարածված էր այն կարծիքը, որ գաղութներից յուրաքանչյուրը առանձնահատուկ է և այնտեղ բնակվող մրջյուններն էլ մեծապես տարբերվում են միմյանցից: Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս գաղութներում բնակվող բոլոր արգենտինական մրջյունների վերնամաշկի վրա սպեցիֆիկ ածխաջրածին կա: Տարբեր գաղութների մրջյունները սովորաբար ագրեսիայի նշաններ են ցույց տալիս իրար, սակայն երբ նրանց բնակեցնում են միևնույն գաղութում, նրանք բավականին լավ մերվում են: Թեպետ այս մրջյունները աշխարհի տարբեր կողմերից են, նրանք իրենց այնպես են պահում, ասես միշտ միևնույն գաղութից են եղել: Այս հայտնագործությունից հետո գիտնականներն այն համոզմանն են եկել, որ գաղութներ կազմող արգենտինական մրջյունները աշխարհով մեկ միասին աշխատում են մի ամբողջական մեգագաղութ ստեղծելու համար:
Մարդիկ անզգուշորեն այս մրջյուններին սփռել են աշխարհով մեկ, իսկ նրանք աշխարհի տարբեր անկյուններում խաղաղ բնակություն են հաստատել: Գուցե՞ մենք պիտի ձգտենք ավելի շատ նմանվել մրջյուններին: