Այսպիսին է մարդու էությունը. նա նոր կյանք է սկսում երկուշաբթի օրվանից, ամսվա առաջին օրվանից և իհարկե նոր տարուց: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է ամանորի գիշերը երազանք պահել: Իսկ մենք գիտենք, որ երազանքներ պահելու բազմաթիվ ձևեր կան:


Մոխիրը շամպայնում

 

Երազանք պահելու ամենահայտնի ձևը 12 զանգերի ղողանջների ներքո թղթի կտորի վրա երազանք գրելն է, այն այրելն ու շամպայնի հետ խմելն է: Շատերն են փորձել, իսկ երազանքը բոլորի մոտ չէ, որ իրականացել է: Իսկ ինչու՞: Բանն այն է, որ այս փոքրիկ ծիսակատարությունն անելիս մարդու միտքն ավելի շատ զբաղված է ժամանակին բոլոր գործողությունները հասցնելու, այլ ոչ թե կախարդական մտքերով: Իսկ դա չափազանց սխալ է: Կենտրոնանալ պետք է ոչ թե գործողությունների, այլ հենց երազանքի վրա: Պետք է հստակ պատկերացնել ոչ միայն երազանքը, այլև դրա իրականացումը: Իհարկե դա այդքան էլ հեշտ չէ. չէ՞ որ շուրջբոլորը բացականչում են, ինչ-որ բարեմաղթանքներ ասում, գրկում միմյանց: Չշեղվելու համար կարող եք ամեն մեկի բաժակի կողքին մի-մի կտոր թուղթ-գրիչ ու կրակայրիչ դնել, որպեսզի բոլորը միանան ծիսակարգին: Եվս մեկ խորհուրդ. աշխատեք պահել կոնկրետ երազանքներ, այսինքն չարժե գրել «ուզում եմ շատ փող», դրա փոխարեն կարելի է գրել «ուզում եմ, որ աշխատավարձս բարձրացնեն»: Կամ էլ գրեք ոչ թե «ուզում եմ ամուսնանամ», այլ եթե ընտրյալ ունեք, գրեք «ուզում եմ ամուսնանամ …-ի հետ»: Որքան հստակ լինի երազանքը, այնքան այն իրականանալու հավանականությունը մեծ կլինի:

 

12 երազանք

 

Ամանորի գիշերը երազանք պահելու ևս մեկ միջոց է 12 առանձին թղթիկների վրա երազանքները գրի առնելը, դրանք բարձի տակ դնելն ու առավոտյան մեկն ընտրելն է: Ասում են' կկատարվի այն երազանքը, որը կընտրեք: Այստեղ մի նրբություն կա. որպեսզի երազանքն իրականանա, պետք է պառկել մինչև ժամը երեքը: Չպետք է նաև ճմռթել բարձը, քանի որ առավոտյան հնարավոր է թղթերի մի մասը գետնին հայտնված լինի: Այս միջոցն ունի որոշակի կանոններ: Այսպես՝

  • Երազանքները գրի առեք միայն նոր տարվա գալստից հետո (թղթերը կարող եք պատրաստելնախապես)

 

  • Գրելիս միայնակ եղեք
  •  Մտովի պատկերացրեք երազանքի իրականացման մանրամասներն ու հետևանքները 
  • Որքան հնարավոր է հստակ գրեք, այսինքն եթե կան անուններ, ամսաթվեր, տեղանուններ, ապա գրեք դրանք 
  • Երազանքները գրելիս պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում 
  • Եթե կեսգիշերին երազանք եք պահել, այն գրի մի առեք 

Եվս մեկ բան. գրեք ձեզ իսկապես անհրաժեշտ բաների մասին: Պետք չէ գրել. «ուզում եմ ադամանդով մատանի»:

 

Ավելի լավ է երազանք պահեք ձեր և մտերիմների առողջության, ֆինանսական ապահովվածության, սիրո մասին: Իհարկե եթե ինչ-որ իր եք ցանկանում, անպայման նշեք, թե արդյոք ուզում եք այն գնել, թե նվեր ստանալ, լավ կլինի, որ նշեք նաև այն մարդու անունը, ումից այն ակնկալում եք:

 

Նկարված երազանք

 

Երազանք պահելու մյուս միջոցն այն նկարելն է: Կեսգիշերից հետո պարզապես վերցրեք նկարչական թուղթ ու գունավոր ներկեր: Պարտադիր չէ լավ նկարչական ընդունակություններ ունենալ: Կարևորը լավ պատկերացրեք, թե ինչ եք ուզում և այն պատկերեք թղթի վրա: Օրինակ, ցանկանում եք սիրահարվե՞լ, ուրեմն նկարեք ալ կարմիր սիրտ: Երազում եք փոխադարձ սիրո մասի՞ն. նկարեք միմյանց միացած երկու սիրտ: Նոր տու՞ն եք ցանկանում, նկարեք տնակ: Օգտագործեք ձեր երևակայություն. գրեթե ամեն երազանք հնարավոր է պատկերել թղթի վրա: Միայն թե խուսափեք սև գույնից: Որքան վառ լինի ձեր նկարը, այնքան ավելի լավ: Ի՞նչ անել հետո: Փաթաթեք ձեր նկարը, կապեք կարմիր թելով և մեղրամոմ ամրացրեք այնպես, որպեսզի այն թափվի թե թելի, թե նկարի վրա: Տաք մեղրամոմի վրա գրեք ձեր անուն-ազգանվան առաջին տառերը և կախեք տոնածառից, նախապես բոլորին զգուշացնելով, որ ոչ ոք դրան չդիպչի: Սուրբ ծննդյան օրը հանեք այն ու մի թաքուն տեղ պահեք: Երազանքի իրականացումից հետո հանեք նկարը, այն կարմիր ներկեք և այնքան ժամանակ պահեք, մինչև այլ երազանք չունենաք: