Քաղցկեղով հիվանդ երեխային կորցնելուց հետո, երեխայի ծնողները հիմնադրամ են ստեղծել, որը միտված է օգնելու գլխուղեղի քաղցկեղի հետազոտությունների անցկացմանն ու հիվանդության բուժման եղանակներ գտնելուն: Հիմնադրամի բլոգային էջում երեխայի ծնողները պատմել են փոքրիկ Օլիվիայի ու նրա երկվորյակ եղբոր՝ Ուայեթի անհավանական կապի մասին:
Ուայեթը Օլիվիայից ուղիղ մեկ րոպե շուտ է ծնվել ու դրանից ի վեր հանձն առել ավագ եղբոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ հոգ տանելու փոքրիկ քույրիկին: Նրա մայրիկը պատմել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ մանկիկները չէին ծնվել, նա զգում էր նրանց կապը: 20 շաբաթական հղիության ժամանակ անցկացված ուլտրաձայնային հետազոտությամբ երևացել է, թե ինչպես է փոքրիկ Ուայեթը ակտիվորեն այս ու այն կողմ շարժվել, իսկ Օլիվիան նրա ոտքից կառչած, կարծես փորձել է հանգստացնել եղբորը: Ուայեթը միշտ աշխույժ է, իսկ Օլիվիան՝ ավելի հանգիստ ու հանդարտ:
Այն բանից հետո, երբ Օլիվիան քաղցկեղով հիվանդացել է, Ուայեթը քրոջ իսկական պահապանն էր դարձել: Նա կարծես ինչ-որ կերպ գիտեր, որ քույրը հիվանդ է ու իր հոգատարության կարիքն ունի: Ծնողները խոստովանել են, որ երբեք չէին կարող փոքրիկ Ուայեթից այսպիսի բան սպասել: Նա խաղալիքներն էր բերում Օլիվիայի հետ խաղալու համար, բռնում էր նրա ձեռքը, փորձում հրել քրոջ ռետինե քայլասայլակն ու օգնել նրան, փորձում անընդհատ ուրախացնել քույրիկին: Այդ տեսարաններն ուղղակի ապշեցուցիչ էին: Դե իսկ Օլիվիան ուղղակի պաշտում էր եղբորը:
Միասին անցած իրենց ճանապարհի մեջ մի քանի պահ կար, որ երեխայի մայրը նշում է, թե երբեք չի մոռանա: Դրանցից մեկը վերը նշված լուսանկարում պատկերված պահն է, երբ գլխուղեղի քաղցկեղի հետևանքով, որն ամբողջությամբ ծածկել էր երեխայի տեսողության նյարդը, Օլիվիան ամբողջությամբ կորցրել էր իր տեսողությունը: Այդ ժամանակ Օլիվիան ոչինչ չէր տեսնում: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ նրա գլխուղեղի ուռուցքը սկսել էր նահանջել ու փոքրիկի տեսողությունը փոքր-ինչ վերականգնվել էր, ու նա կարողացել է առաջին անգամ տեսնել իր եղբորը: «Նրանք ուղղակի նայում էին միմյանց. աննկարագրելի գեղեցիկ տեսարան էր..»:
Հաջորդ պահը, որ մայրը նշում է, որ երբեք չի մոռանա, Օլիվիայի կյանքի վերջին ամիսն էր: Երբ երեխայի ցավերը սաստկացան, նա մեկ շաբաթ անցկացրեց հիվանդանոցում: Այդ ամբողջ ընթացքում քույր ու եղբայր միմյանց չէին տեսել և, երբ վերջապես նրանք հանդիպեցին, Ուայեթն ուղղակի գրկեց քրոջը. քրոջը տեսնելու նրա ուրախությունն այնքա՜ն հուզիչ էր:
Նրանց կապն ուղղակի ապշեցուցիչ էր: Ուայեթն այնքան էր կապված քրոջը, որ այն պահին, երբ քույրը մահացավ, նա սկսեց ուժեղ լաց լինել իր սենյակից, որտեղ հանգիստ քնած էր: Ու դրանից հետո նա այլևս չէր փնտրում քույրիկին. կարծես գիտեր, թե ինչ է տեղի ունեցել: Նա միշտ ճանաչում ու ոգևորվում է քրոջ լուսանկարներին նայելով, սակայն գիտակցում է, որ նա այլևս իրենց հետ չէ:
Ինչպես այլոց դեպքում, երբ ընտանիքում հիվանդ երեխա է լինում, և նա ավելի շատ ուշադրության ու խնամքի կարիք է զգում, Օլիվիայի ծնողները նույնպես նրան ավելի շատ ժամանակ էին տրամադրում: Այդքան փոքրիկ լինելով' Ուայեթը շատ լավ էր հասկանում ու երբեք ցույց չէր տալիս, որ ուշադրության պակաս է զգում, ու ինքն իր հերթին էր փորձում հոգ տանել քրոջը: Ուայաթի մայրը պատմել է, թե որքան է տառապել. մի կողմից ծնողները փորձել են Օլիվիային տալ ամեն ինչ, իսկ մյուս կողմից ցանկացել են ցույց տալ Ուայեթին, թե որքան են սիրում նրան, այնպես, ինչպես Օլիվիային՝ չնայած այն բանի, որ հիվանդանոցում Օլիվիայի հետ շատ ժամանակ էին անցկացնում:
«Ուայեթին ցույց տալու համար, թե որքան են նրան սիրում ծնողները, փորձում էինք ժամանակ գտնել նրա հետ խաղալու համար: Հիմնականում նրա համար հեքիաթներ էինք կարդում, կամ էլ նրան տանում զբոսանքի»: Ծնողներն անկեղծանում են, որ սա շատ բան չէր, բայց այն էր, ինչ կարողանում էին անել նրա համար: Քաղցկեղը իսկական ամենօրյա ճակատամարտ է: Այն խլում է ամեն ինչ, երբեմն նույնիսկ հարազատների միջև հարաբերությունները չեն պահպանվում դրանից հետո: Ու անկախ նրանից, թե որքան է քույրը կամ եղբայրը սիրում իր քրոջը կամ եղբորը, միևնույն է, այն կարող է կործանել նրանց հարաբերությունները:
Օլիվիայի ու Ուայեթի ծնողները խորհուրդ են տվել բոլոր այն ծնողներին, ովքեր հիվանդ երեխա ունեն, անկախ նրանից՝ որ երեխան է տառապում հիվանդությամբ, փորձել հավասարապես հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրանց հետ: «Տվեք այն ամենն, ինչ կարող եք տալ ձեր երեխաներին, ու հիշեք, որ ուժասպառ լինելը բնական է: Կապ չունի, որ սուպեր-մայրիկ կամ սուպեր-հայրիկ չեք, միևնույն է ձեր երեխաները կսիրեն ձեզ, եթե դուք սիրեք նրանց: Միակ բանը, որ պետք է անել, դա ոչինչ չխնայելն է ձեր երեխաների հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու ու նրանց սեր տալու համար»: