Զորավարժարանում կրակային պատրաստության պարապմունք է: Մայոր Մանուկ Մելքոնյանի նախապատրաստական գումարտակի զինվորներն են: Պարապմունքը ղեկավարում է գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Սամվել Սահակյանը, տեղում են վաշտի հրամանատար կապիտան Կամո Ղուկասյանը, դասակների, ջոկերի հրամանատարները:
-Ո՞նց են գործերը,-հարցնում եմ կապիտանին:
-Ես գոհ եմ, երեք-չորս ամսում անփորձ տղերքը կոփվել, ամրակազմ զինվորներ են դարձել, փոխվել է նրանց մտածելակերպը, կենտրոնացել են ծառայողական խնդիրների կատարման վրա: Մի քանի օրից կսկսվեն ամփոփիչ քննությունները, որից հետո կգնան մարտական գումարտակներ ու կհամալրեն ջոկերի ազատվող տեղերը:
Հրաձգությունը շարունակվում է: Օպերատորի մոտ հետևում եմ գրանցվող արդյունքներին: «Գերազանց» գնահատականներ են ապահովում լեյտենանտ Նարեկ Դավթյանը, սերժանտ Աբրահամ Աբրահամյանը, կրտսեր սերժանտներ Սարգիս Մանուկյանը, Ալբերտ Երանոսյանը, շարքայիններ Աշոտ Սարգսյանը, Թաթուլ Աղաբաբյանը, Սերոբ Խաչատրյանը, Րաֆֆի Հակոբյանը…
-Որտեղի՞ց ես,-հարցնում եմ Աշոտ Սարգսյանին:
-Մարտունու շրջանի Պառվաթումբ գյուղից:
Հետո իմացա, որ զինվորն ազատամարտիկի որդի է, այսինքն' հայրենիքի ազատագրման, իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարում են սերնդեսերունդ: Երեկ հայրերն էին խրամուղում, այսօր' որդիները: Այս շղթան կարող է երկար շարունակվել, նման նախադեպեր աշխարհում շատ կան: Տարածքային հարցերի լուծումը հաճախ երկար ժամանակ «չի գտնվում», մանավանդ երբ միևնույն կետում բախվում են տարբեր երկրների շահերը… Ելքը մնում է մեկը' դիմանալ, դիմակայել, պայքարել, խաղաղություն պարտադրել:
Կրակելու հերթը շարքային Սերոբ Խաչատրյանինն էր:
-Հրաձգությունից ո՞նց ես,-հարցրի նրան:
-Սկզբում դժվարանում էի, հիմա միայն «լավ» ու «գերազանց» եմ ստանում:
-Իսկ դո՞ւ,-դիմեցի Մովսես Մովսիսյանին:
-Միայն մի անգամ եմ վատ կրակել, իսկ հիմա առաջին իսկ կրակոցից խոցում եմ թիրախը: Ամեն երկրորդ ստուգողականին վեց-յոթ փամփուշտ տնտեսում եմ:
Հետևելով վարժության կատարման ընթացքին' համոզվեցինք, որ մեր զրուցակիցները, իրոք, կրակային պատրաստությունից բարձր արդյունքներ են ապահովում: Մեր ներկայությամբ «լավ» ստացավ շարքային Էրիկ Սաֆարյանը, «գերազանց» ստացան սերժանտ Արտակ Սարգսյանը և կրտսեր սերժանտ Աշոտ Վարդանյանը:
կարդացեք այստեղ'