Երեկ այցելեցինք Գառնու տաճար՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու մանրամասներն ու բացահայտելու մշակույթի նախարարության "սրճարանային նոր նախագիծը": Այնտեղ էր նաև նախարարության ներկայացուցիչը՝ Վլադիմիր Պողոսյանը, ով մեծ պաթոսով ու նվիրումով ներկայացնում էր Գառնու "տուրիստական վերածննդի" նախագիծը... Հասկանո՞ւմ եք, պարզվում է, որ պատկան մարմիններն արդեն ամեն ինչ արել են տուրիզմի զարգացման համար, և միակ բանը, որ պակասում էր, հուշարձանի հենց հարևանությամբ սրճարանն է որ կա: Պրն. Պողոսյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թե՛ հնագետներն են համաձայնություն տվել, թե՛ ճարտարապետները, թե՛ նախարարությունը: Ավելին, ըստ պրն. Պողոսյանի, հենց այդ մասում, որտեղ նախատեսվում է կառուցել ամառային շարժական սրճարանը, բացակայում է պատմա-մշակութային շերտը... չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, տաճարից ընդամենը 90 մետր հեռավորության վրա չկա մշակութային շերտ... ա՜յ քեզ հրաշք... և այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց իրենք մի նախագիծ են ունենում, ապա ամեն ինչ օգնում է նրանց, անգամ պատմությունը...
Պրն. Պողոսյանն իր խոսքում նշեց, որ այդ աշխատանքը կարժենա 6 մլն դրամ: Ի՜նչ փող է որ: Իսկ իմ այն հարցին, թե միգուցե այդ գումարն ավելի ճիշտ կլիներ ծախսել բաղնիքի խճանկարի վերականգնման համար, պարոնը ասաց, որ հենց այդ նպատակով էլ կառուցվում է սրճարանը, որ հետագայում շահույթը ներդրվի տաճարի վերականգնման ծրագրում: Եվ ոչ մի անդրադարձ, թե ուր են գնում այցելության տոմսերից ձևաորված տասնյակ միլիոնավոր դրամները... Ի դեպ, խոսք գնաց, որ այդ 6 մլն դրամը անհատույց տրվել է մի բարերարի կողմից, թե ով է նա, այդպես էլ չհաջողվեց ճշտել... Փաստորեն շարունակվում է մեր երկրի մշակույթի աղավաղումն ու կործանումը "բարերարների" կողմից...
Ի դեպ, պրն. Պողոսյանը համոզված է, որ այս սրճարանը նոր փայլ կհաղորդի Գառնու տաճարին, որ այն կդառնա պատճառ, որպեսզի տուրիստների նոր հոսք ապահովվի: Անգամ խոսք գնաց հետագայում տաճարի տարածքում շատրվանով լողավազան կառուցելու մասին (չգիտեմ պարոնը կատակո՞ւմ էր, թե՞ բարձր մտածում):
Ինչևիցե, եթե մինչ այժմ այս նախագիծը վստահություն չէր ներշնչում, ապա տեղում տեսնելով, և հստակ պատկերացնելով, թե ինչ է սպասվում մեզ ու մեր հյուրերին գարնանը Գառնու արգելոց-թանգարանում՝ ես միանշանակ հայտնում եմ իմ դժգոհությունը այդ առիթով, կոչ եմ անում գործընկերներիս, տուրիստական գործակալություններին, ՀԿ-ներին ու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փոքրիշատե սրտացավ են մեր երկրի մշակույթի ու իմիջի հարցում, միանալ ու արտահայտել իրենց կարծիքը: Վերջիվերջո մեզանից յուրաքանչյուն է մեր երկրի մշակութային ու պատմական ժառանգության տերը, չի՛ կարելի թույլ տալ, որ ոմանց՝ կոպեկ ավել աշխատելու անհագուրդ ցանկությունը ստվեր գցի մեր դարավոր պատմության վրա, աղճատի այն արժեքները, որոնցով մենք ներկայանում ենք աշխարհին:
ՀԳ. Պրն Պողոսյանը նաև նշեց, որ այս "սրճարանային" ակցիան շարունակական է լինելու, հաջորդը Զորաց քարերն են, Լոռվա բերդը, Մեծամորի հնավայրը... էնպես որ շոուն շարունակվում է, պարոնա՛յք:
ՀՀԳ. Կրա՛կ, Միհրի անունից...