Քանի որ այսօր ամենահուզիչ թեմաներից մեկը Թուրքիայի արտգործնախարարի այցն է Երևան, որն արդեն դարձել է քաղաքական ու քաղաքացիական մի շարք շարժումների քննարկման առարկա, ապա թույլ տվեք մի քանի ընդհանրացված դատողություն էլ ես անեմ:

Նախ, պետությունն առհասարակ առաջնորդվում է նպատակահարմարության սկզբունքով, և քանի որ պետությունը մարդկանց կյանքի կազմակերպման քաղաքական ձև է (ո՛չ կրոնական, ո՛չ մշակութային, ո՛չ ավանդական, ո՛չ էլ ինչ-որ ուրիշ, այլ՝ հենց քաղաքական), և քանի որ պետությունը ոչ թե մեր կյանքը պետք է վերածի դրախտի, այլ պետք է նպաստի, որ մեր կյանքը վերջնականապես չվերածվի դժոխքի (Ն.Բերդյաև), ապա այս ամենը հաշվի առնելով, պետք է փաստենք, որ պետությունը բավականին ճկուն համակարգ է, որն այսօր անում է այն, ինչ այսօր է նպատակահարմար:


Նպատակահարմարության սկզբունքը որպես պետական քաղաքականության դոմինանտ նշանակում է, որ եթե այսօր սա է նպատակահարմար, դա է արվում, եթե վաղը նպատակահարմար լինի դրա ուղիղ հակառակը՝ դա պետք է արվի:
Եթե նպատակահարմար է (հանրության կյանքը դժոխքի չվերածելու իմաստով) համագործակցել այսինչ երկրի հետ, ապա պետությունը պետք է դա անի, և այստեղ մարդկանց անձնական ճաշակն ու արժանապատվությունը որևէ դեր չեն խաղում, քանի որ դրանք ընդհանրապես պետական քաղաքականության հետ նույն հարթության մեջ չեն:
Իմիջիայլոց, նախագահն էլ կարող է անձնական վերաբերմունք ունենալ որևէ երկրի նկատմամբ, բայց որպես նախագահ, ելնելով այդ նպատակահարմարությունից, ինչ-որ հարաբերություններ նախաձեռնի այդ երկրի ղեկավարի հետ:
Քաղաքականությունը բանակցելու և համաձայնության գալու արվեստ է:
Իսկ պատերազմը վատ կամ սխալ քաղաքականության հետևանք է: