
Եղել է մի ժամանակ, երբ հայ դպրոցի նահանջը ծանր ճնշում էր մեր հոգին: Հիշում եմ' Սրտաբանության ինստիտուտում – հարյուրավոր բժիշկներ և գիտաշխատողներ ուներ - այդ տարածքում ընդամենը մի քանի հոգի ունեին հայկական կրթություն – տողերիս հեղինակը, Կամոն' Տեր-Պետրոսյանը, Հայկ Վարդանյանը և էլի մեկ –երկու հոգի: Ռուսախոս խավն էր իշխում: Եվ ներսից գիտեմ – այդ խավը մեծ էթիկական կորուստներ ուներ: Ռուս լեզուն, առանց հայկական աշխարհընկալման, նրանց հաշմանդամ էր դարձրել… Քիչ բացառություններով: Եվ այդ ժամանակ է ծնվել այս բանաստեղծությունը – մի քանի անսիրտ, բարձր կոչումներով կին-գիտնականների եմ հիշում:
ՄԱՆԿՈՒՐՏՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Նա իր տեղը լավ գիտի'
Իր խավի մեջ ու կյանքում, –
Տեղը ճշտի ու ստի
Հանդարտավետ արանքում:
Դայլայլում է հեշտ ու հարթ
Նա արտոնյալ բարբառով,
Ամեն միտքը – մի կեղծ զարդ'
Ընդելուզված փրփուրով:
Լսում է բառն իր երկրի,
Լսում է' քար ու խաչքար,
Բայց խուլ հոգում օտարի
Չի դողդողում ոչ մի լար:
Սոսկ նյութ ու փայլ են տենչում
Սով աչքերը կանացի,
Ու իր զավակն է աճում'
Ստրուկ ջրի ու հացի.
Մի մե՜ծ, և թա՜նկ և սու՜րբ բան
Վաճառվում է ամեն օր,
Ու դառնում է նա իր տան
Աղքատ, անգետ մի տնվոր:
Այսպես նստած ընչազուրկ
Նա քաղքենի իր գահին՝
Հիշողության գանձից զուրկ՝
Մանկուրտների թագուհին:
1985
Լևոն Դռնոյան
Հ.Գ. Արևմտահայ ընթերցողս գուցե չիմանա «մանկուրտ» բառի իմաստը: Կիրգիզ մեծ գրող Չինգիզ Այթմատովի գրի առած խորհրդանիշն է - մանկան, մարդու գլխին հագցնում էին մի «զրահ», ուղեղը չէր զարգանում, կորցնում էր հիշողությունը, արմատները: Այդ մարդկաց մանկուրտ էին կոչում: Որքա՜ն մանկուրտներ այժմ ժողովուրդների մեջ, իրենց բնիկ հողի վրա - բայց կորցրած արմատների հիշողությունը: