Դժվար թե մեզանից ինչ-որ մեկը հավատար, որ հայկական աստղիկաձուլարանները կարող են լուրջ ներդրում ունենալ հայկական շոու-բիզնեսում: Բայց արի ու տես, որ իրականությունը որքան էլ ցավոտ է, նույնքան էլ՝ զարմացնող: «Հայ սուպերսթար»-ում առաջին փոքրիկ քայլերն անող աղջնակն արդեն իսկ սեփական ոճն է թելադրում թե՛ հագնվելու, թե՛ երգելու առումով: Սակայն, այս անգամ, ոչ թե խոսելու եմ Լիլիթի կայացման և անցած ուղու մասին, այլ ցանկանում եմ փոքրիկ համեմատություն անել կամ սուբյեկտիվորեն վերլուծել վերջին իրական պատմությունների հիման վրա նկարահանված տեսահոլովակները: Նախ առաջինը՝ ի՞նչ իրական պատմություն:
Հիմա բոլորդ կասեք, որ այս մասին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում վիդեոհոլովակ էր փոստ արել և ներկայացրել էր տեսահոլովակի բովանդակությունն ու բեքսթեյջը: Սակայն, մինչ ինձ այս հարցում «քլնգելը», արդյո՞ք վստահ եք, որ այդ գրությունը PR-ի միջոց չէ: Չէ՞ որ նման բովանդակություն ունեցող սրտաճմլիկ գրվածքները միշտ ակնառու են և փորձված և իրենց դրական ազդեցությունն ունենում են արտիստի կամ որևէ հասարակական ակտիվիստի հայտնության գործում: Միգուցե, Լիլիթի այս տեսահոլովակներն էլ կարիք ունեին ոչ թե վարկանիշի (рейтинг), այլ դիտելիության ռեկորդի: YouTube-ի վարկանիշները և դիտելիությունները գրեթե ամեն ամիս հրապարակում են հայկական լրատվական կայքերը: Մի՞թե դա խթան չի հանդիսանա Լիլիթի տեսահոլովակները վարկանիշային ցուցակում միշտ առաջին տեղը լինելու համար: Գուցե հիմա մտածեք, որ Լիլիթը խնդիր չունի դիտելիության, քանի որ Ֆեյսբուքում ինքնություն իրազեկող էջերի մեջ հայ արտիստներից ամենաշատ Like-երն ինքն ունի:
Թեպետ, չեմ հակառակվում. ինքս էլ Լիլիթի երկրպագուն եմ, սակայն չեմ կարող ժխտել, որ սա PR-ի միջոց չէ: Երկրորդ՝ տեսահոլովակների հերոսները. Լիլիթը՝ որպես տանջված սիրահարված, ինչպես հայ աղջիկներից մեծամասնությունը, իսկ տղան՝ հարուստ, ով այդպես էլ չհասկացավ սիրո գինը, ինչպես հայ շփացածները: Սակայն, տեսահոլովակ առ տեսահոլովակ նրա դերը փոխվում էր, իսկ տեսահոլովակները նմանվում էին բազմասերիալանոց կամ լիամետրաժ, կամ ավելի կոնկրետ մի քանի մասից բաղկացած ֆիլմի: Տղան սկզբում բավականին հարուստ էր, փառք ԱՍՏԾՈ, որ այս ֆիլմում աղջիկը ևս հարուստ էր, միակ նմանությունը շաբլոն նոր հայկական ֆիլմերի, որ աղջիկը սիրում էր անձնուրաց և այդպես էլ չէր գիտակցում, որ տղան իրեն խաբում է:
Երկրորդ հոլովակում տղայի դերը կոնկրետ չէր, նա կարի ֆաբրիկայի տնօրենն էր, թե դիզայներ-մոդելավորողը, բայց մեկ փաստ ևս արձանագրվեց՝ հարուստ էր: Իսկ երրորդում հայկական օճառային օպերաների նման կերպարներն ու սյուժեն գլխիվայր շրջվեցին: Տղան՝ դարբին, Լիլիթն էլ ՝ աղջիկ, ով աղոթում է: Ինչի՞ տղան դարբին դարձավ. գործերը վատացե՞լ էին, Լիլ... Ժոռ Մելոյանի խառնվածքով, բայց Արեն Բայադյանի ռեժիսորությամբ նկարահանված տեսահոլովակները ֆիլմերի նման հրաշք էին, անխոս: Սպասված, սպասված, սպասված ու խոստացված շարունակությունը կրկին սպասված է...
Միգուցե չորրորդը վերջի՞նը լինի: Չգիտեմ: Բայց կարող ենք արդեն պատկերացնել՝ Լիլիթն ու իր ամուսինը ոչ միայն միացան, այլև այստեղ արդեն կլինեն հաշտ և համերաշխ, միգուցե երեխան այդ տեսահոլովակում նույնիսկ մանկապարտեզ հաճախի: Լավ, չշարունակեմ, քանի որ Արեն Բայադյանը կարծում եմ չունի իմ կամ որևէ մեկի խորհուրդը կապված սյուժեի զարգացման հետ: Բայց մի փոքր երկար չէ՞ ստացվեց, հա նույն կերպարներն էինք տեսնում, ասես Դիանա Գրիգորյանի մատը խառը լիներ էս գործում, ու «Դժվար ապրուստի» մահկանացուն վերհիշում ենք Լիլիթի տեսահոլովակներով: Այնտեղ էլ կերպարները......չէ, էլ չթվարկեմ, հավես և տրամադրություն չունենք այդ «ծայրը ծայրին» կամ «մեզ ծայրին հասցրած» սերիալը նորից հիշելու: Միակ համեմատությունը տեսահոլովակի և սերիալի մեջ, որ երկուսն էլ երկար էին: Իսկ միակ տարբերությունը, որ Լիլիթի տեսահոլովակները հետաքրքիր են: Լիլիթ Հովհաննիսյան ջան, դա միշտ պահպանի՛ր ու վախեցի՛ր արդեն «Դժվար ապրուստի» նմանությունից: Չորրորդն էլ նկարահանի և վե՛րջ, թե չէ «Դժվար ապրուստի» նայողների 70 %-ը կորավ, չեմ ցանկանա, որ դու էլ նույնքան երկրպագու կորցնես: ԲՐԱՎՈ