Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ' թուրքական կողմը բավականին ակտիվացել է, ավելին՝ Անկարան պաշտոնապես հաստատել է Ահմեդ Դավութօղլուի՝ դեկտեմբերի 12-ին Հայաստանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու փաստը:


Սրան զուգահեռ, թուրք-ադրբեջանական ինֆորմացիոն տարածքից, անանուն աղբյուրներին հղումներով, մեսիջներ են ուղղվում Հայաստան այն մասին, որ Թուրքիան այս կամ այն պայմանների պարագայում պատրաստ է նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

 

Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման իմիտացիա ստեղծելու ճանապարհին, Թուրքիան նույնիսկ հռետորաբանական բառախաղի է դիմում՝ ավանդական քարոզչական թեզերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փոխարինելով առավել մեղմ թվացող, սակայն իմաստային առումով նախկինին չզիջող թեզերով:
Եթե Թուրքիան ավանդաբար հայտարարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կապված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի և մասնավորապես, հայկական զորքերի՝ ազատագրված 7 շրջաններից դուրս բերելու հետ, ապա իր վերջին հարցազրույցում Դավութօղլուն Թուրքիայի պահանջը ձևակերպում է հետևյալ կերպ. «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից» (Habertürk):

 

Ընդ որում, նույն հարցազրույցում խոսելով իր երկրի՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, Դավութօղլուն նշել է, որ «եթե հայ-ռուսական հարաբերությունները հաշվի չառնենք, ապա Հայաստանը կարելի է ասել շրջափակման մեջ է»:


Այն, որ Ադրբեջանի հետ Հայաստանը չի կարող այս պահին բաց սահման ունենալ՝ հասկանալի է, սակայն Դավութօղլուն Թուրքիայի կողմից, Հայաստանի սահմանի շրջափակման մասին խոսելիս այդպես էլ փաստարկներ չի ներկայացրել Հայաստանի հետ սահմանը փակելու իրավական հիմնավորումների մասին: Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Դավութօղլուն «պատահաբար» մոռացել է, որ Հայաստանը հարավային հատվածում ևս հարևան ունի՝ Իրանը, որի հետ բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններ է կառուցել: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ոչ մեկ չի հերքում թուրք-վրացական հարաբերությունների սերտ լինելու հանգամանքը, սակայն դա չի նշանակում, թե Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է և Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ իրականացվում է իր հետ անմիջական սահմաններ չունեցող Ռուսաստանի միջոցով:

 

Որքան էլ թուրքական կողմի քայլերը պրիմիտիվ են, ու թվում է, թե բոլորին էլ պարզ է Թուրքիայի այս ակտիվացման իրական պատճառները, սակայն պետք է փաստենք, որ հայաստանյան որոշ շրջանակներում, թուրքական խայծը, դիտմամբ, թե պատահմամբ, «կուլ են տալիս»՝ ակամայից նպաստելով թուրքական թեզերի տարածմանը:

 

Թուրքիայից հնչող բոլոր հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն միշտ չէ, որ լինում է, սակայն կարևոր է, որ մանավանդ, առաջիկա 2-3 տարիներին, հայաստանյան փորձագիտական ու լրատվական դաշտը ադեկվատ արձագանքի Թուրքիայից եկող մեսիջներին, իսկ Հայաստանը պաշտոնական մակարդակով խնդիր ունի լինել առավել ակտիվ՝ անհրաժեշտության դեպքում' պաշտոնապես արձագանքելու ու գնահատական տալու թուրքական իմիտացիոն քայլերին: