1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը' Գյումրիում: Անօթևան մնաց 514.000 մարդ: Ուղիղ նյութական վնասների արժեքը կազմեց 13 մլրդ. ԱՄՆ դոլար:

 

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էր անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

 

 

Եթե համեմատենք Սպիտակի երկրաշարժի և 1989թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կալիֆորնիա նահանգում նույն ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժերը, կտեսնենք, որ այնտեղ զոհերի թիվը եղել է ընդամենը 67, սակայն այնտեղ ապրում է մի քանի անգամ ավելի մարդ: Ինչո՞ւ Հայաստանում նորակառույց բազմաբնակարանների փլուզման հետևանքով այդքան մարդկային կորուստներ եղան: Մի՞թե հնարավոր չէր խուսափել այս մասշտաբի ավերածություններից:

 

Վնասների հիմնական պատճառներն էին.

 

1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ, և դա այն դեպքում, որ 1988թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում՝ 9, Վանաձորում՝ 8-9 բալ:

 

 

2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ են տրվել որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն՝ խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:

 

3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտներին:

 

4. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:

5. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:

 

6. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունն էքստրեմալ պայմաններում:

 

Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի և մեծ ավերումների հիմնական պատճառները՝ նպատակ ունենք ամեն քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալներն անհաշիվ էին:

 

Այսօր 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի 25-րդ տարելիցն է: Ու ցավով պետք է նշել, որ տարերային աղետի ողբերգական իրադարձություններից 25 տարի անց էլ Հայաստանում դեռ չի վերացել «աղետի գոտի» հասկացությունը, և մեր կառավարություն այս հարցում դեռ շատ անելիքներ ունի, չնայած որ «աղետի գոտի», «Սպիտակի երկրաշարժ» հասկացություններն արդեն վաղուց պետք է անցյալ լինեին:

 

 

Երկրաշարժից 25 տարի անց, ըստ պաշտոնական տվյալների, 4030 ընտանիք շարունակում է անօթևան մնալ: