Քիչ առաջ այն ինչ տեսա ու լսեցի, առաջացրեց իմ զայրույթն ու վրդովմունքը, թե որպես քաղաքացի, թե որպես լրագրող, ով քիչ թե շատ հետևում ու անդրադառնում է բնապահպանական խնդիրներին, ավելին' երկու անգամ բնապահպանների հետ ներկա եմ եղել այն վայրերում, որտեղ առկա է եղել բնապահպանական խնդիր: Սերժ Սարգսյանի հերթական այցելությունն այսօր բնապահպանության նախարարությունում էր, մի կառույց, որը վերջին տարիներին ամենաշատն է հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում բնականաբար վատ առումով' սկսած Մաշտոցի պուրակից վերջացրած Մարցի դեպքերով: Այն, որ այդ կառույցը վատ աշխատող կառույցներից մեկն է և հաճախ է աչք փակում ապօրինությունների վրա, ակնհայտ է բոլորին, հետևաբար հարց է առաջանում' ինչի համար է Սերժ Սարգսյանը նախարարության որոշ պաշտոնյաների պարգևատրում: Միգուցե այդ մարդիկ ինչ-որ փոքր խնդիրների, որոնք չեն առնչվում այս կամ այն պաշտոնյայի շահերին, լուծվել են, բայց հաշվի առնելով բնապահպանական ընդհանուր տիրող վիճակը, Սերժ Սարգսյանը գոնե ձևի համար պետք է մի երկու «քլնգոցային» ամպագոռգոռ ելույթով հանդես գար' ցույց տալով, թե ինքը որքան «մտահոգ» է երկրում առկա բնապահպանական վիճակով, որի մասին փաստերով բարձրաձայնում են բնապահպանները: Բայց եղավ հակառակը' պարգևատրվեցին նախարարության որոշ աշխատակիցներ: Հարց է առաջանում'միգուցե այդ պարգևատրումներն արվեցին, որ հետագայում մի երկու բեզոարյան այծի գլուխ ավելի շատ թռցվի, մի երկու անտառ ավելի շատ ոչնչացվի, մի երկու հանք ավելի շատ շահագործվի... Շարքն անվերջ կարող եմ թվարկել:
Բայց ամենավրդովեցուցիչը բնապահպան-ակտիվիստների հասցեին հնչեցված արտահայտությունն էր' պետք չէ շոուներ ու ցուցադրական միջոցառումներ անել: Վատ չէր լինի, եթե Սարգսյանը կոնկրետ փաստերով խոսեր: Դե մեր իշխանությունները շատ են սիրում անընդհատ փաստերով խոսել: Լսողն էլ կմտածի' փաստերը լսելուց հետո անմիջապես լուծում են առկա խնդիրները: Իսկ եթե այդքան շոուներից ու ցուցադրական միջոցառումներից այդքան շատ է տանջվում ՀՀԿ ղեկավարը, թող հիշի Մաշտոցի պուրակում «Տարոն ջան սիրուն չի» էժանագին ներկայացումը, Տիգրան Սարգսյանին իր քլնգելը: Իսկ իր կուսակիցների զավեշտի ու ցինիզմի հասնող արտահայտությունների մասին էլ չենք խոսում' իսկական շոու են: Այնպես որ պրն Սարգսյան, սկսեք ձեզանից...