Հայաստանում այսօր միջակության դար է՝ ներքևից վերև, վերևից ներքև: Դա միայն ես չեմ ասում՝ այսօրվա «Առավոտ»-ի նամակագիրն ավելի խիստ է բնութագրում՝ ոչնչությունների դիկտատուրա: Սակայն այսօր Հայաստանին անհրաժեշտ է արդարամիտների, խելացիների և ուժեղների «տիրապետություն»: Այլապես մենք կհասնենք այն շրջադարձին, որից վերադարձի ճանապարհ չի լինում: Հասկանալով հանդերձ այսքանը՝ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ներքևից հասնել իրավիճակի փոփոխությանը, երբ սափրագլուխն ու պագոնավորը, թաղի խուժանն ու քո հարևան տնային տնտեսուհին դրա կրողն են: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է վերևից հասնել իրավիճակի փոփոխությանը, երբ դրա անհրաժեշտությունը չի ընկալվում բուրգի գագաթում, իսկ արված գործերն ու ասված խոսքերը իմիտացիայից այն կողմ չեն անցնում: Չեմ պատկերացնում, բայց ես վստահ եմ, որ վաղը կունենամ այդ պատկերացումը, հաստատ կունենամ: