Արամ թագավորը կռվի ժամանակ գերի է ընկնում: Ասորեստանի արքան ասում է, որ տասը օր անոթի պետք է մնա, տասնմեկերորդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ եւ եթե հաղթի' ազատ կարձակվի: Արամը պահանջում է, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը հասկանում են, որ արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիները չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամն ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը,պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները ինը օր շարունակ գնում-գալիս էին' առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր նրբաթերթ հայկական հաց են հասցնում հայոց արքային: Եկավ մենամարտի օրը եւ Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե սոված մնալով Արամն ուժասպառ է եղել, սակայն լավաշը մեր դյուցազնին ուժ էր տվել եւ նա հաղթանակած տուն վերադարձավ: Այնուհետ հրովարտակ արձակեց, որ Հայաստանում հաստ ու բազմաձև հացի փոխարեն լավաշ թխեն: