Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսապետությամբ, եկեղեցում տեղի ունեցավ
«Խոկման» արարողություն:
Տեր Հոր քարոզխոսությունից հետո մասնակիցները «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո, խորհելու և մտորելու առիթ ունեցան:
«Խոկման» արարողության ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր դասին, Երիտասարդաց միությանը, համայնքի անդամներին և ներկա անձանց
աղոթակից եղան նաև Երևանի «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի տնօրինությունը և աշխատակազմը, ովքեր նաև ազնիվ ցանկություն են հայտնել իրենց հանձնառություններով ավանդ բերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու շենացման, համայնքի զորացման և պայծառացման նվիրական գործին:
Հավարտ արարողության' «Խոկման» արարողության մասնակիցները «Տէր, ողորմեա...»-ի' ծնկաչոք երգեցողությամբ համատեղ աղոթեցին մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:
«Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը որոշ ժամանակահատված կկրի «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը: