Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների' հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:

Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական և վերջապես 1967 թվականին' ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:

Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:

Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆոռնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.), Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.) և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆոռնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու, ապա այդ տարի կարող էր նախագահ Բուշի հետ միասին ընտրվել փոխնախագահ: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:

կարդացեք այստեղ' http://www.hayzinvor.am/23351.html

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը'

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ