Կարո՞ղ ենք օգնել հիվանդ երիտասարդին: 20- ամյա Ներեկ Ավագյանը Ձեր օգնության կարիքն ունի ՀՀ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում արված վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Նարեկի մոտ առկա է S-աձեւ 4-րդ աստիճանի սկոլիոզ հիվանդություն, ծռվածության անկյունը 77 աստիճան է: «Տղային շտապ վիրահատություն է պետք: Իմպլանտը ձեռք է բերվելու արտասահմանից, որն էլ արժե 5500 դոլար: վիրահատությունը կարժենա 2000-2500 դոլար: 3-ամյա տղաս մեքենայի մեջ է եղել, երբ ուրիշ մեքենա հետեւից հարվածել է: Նարեկս մեքենայի միջից 15 մետր թռել է ծովի քարերի մեջ: Բժիշկներն ասացին ուղեղի ուժեղ ցնցում է տարել, բայց կարող է՝ մեծանա, բարդությունների առաջ կանգնի: Այնքան խառնված էինք, որ չհարցրինք, թե ինչ բարդության մասին է խոսքը»,-լացակումած վերհիշում է Նարեկ Ավագյանի մայրը՝ Նելլի Հակոբյանը:
Մայրն ասում է, որ Նարեկը մինչեւ 16 տարեկանը առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: «Բոլորն էլ տեսել են, որ երեխու ողնաշարը ուղիղ է եղել: 16 տարեկանից մեջքը հանկարծակի ծռվեց, էնպես սկսեց ծռվել, որ դեմն առնել չեղավ: Կայծակնային ծռվեց երեխես»: «Կրծքավանդակի առաջ. պատը դեֆորմացված է, կրծքային հատվածը ծռված է, առկա է աջակողմյան կողային կուզ, շարժումները ողնաշարում սահմանափակ են, ցավոտ»,-նշված է 2011թ հետազոտությունում, մինչդեռ 2009թ կատարված առողջական վիճակի հետազոտման ակտում ողնաշարի ծռվածությունը 63 աստիճան է, սկոլիոզ 3-րդ աստիճան: Նարեկն այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի նեվրոխիրուրգիայի բաժանմունքում:
«Հենց ոտքի կանգնեմ,ծառայելու եմ»,-սա է Նարեկի երազանքը: «Առողջապահության նախարարությունից ասեցին՝ այդ վիրահատությունը մեր ցանկում չկա, ուզում ես հաց հավաքես, ուզում ես սոված լինես, դու քո գրպանից պետք է տաս: Իմպլանտը թանկ է, դու պիտի գնես: 4 տարվա ընթացքում էլ ուր ասես չենք գնացել, էլ Վորլդ վիժն, էլ Գագիկ Ծառուկյանի տան դեմը էնքան գնացի էկա, բայց ոչ մի հովանավոր չգտնվեց »,- պատմում է մայրը: Ավագյան ամուսիններն ունեն 3 երեխա' 1 աղջիկ, 2 տղա: Նրանց փոքր որդին՝ 6-ամյա Տարոնը, նույնպես ֆիզիկական արատ ունի: Երեխան ի ծնե տառապում է սինդրոմ դաուն ուղեղի թերզարգացությամբ: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում: Աշխատում է միայն ամուսինը: Նարեկը այժմ ստանում է 13 հազար դրամ: Նարեկի վիրահատության համար Նելլի Հակոբյանի անունով «Կոնվերս» բանկում բացված է հաշվեհամար /1930026732290100/, որին կարող են կատարվել հանգանակություններ: