Բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում, որոնք կարող են հետագայում ազդել այդ երկրի ներքաղաքական գործընթացների վրա: Վերջին ժամանակներում բավական սրվել են Թուրքիայի կառավարության ու այդ երկրի հասարակական-քաղաքական, նաև տնտեսական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի միջև: Առանցքում հատկապես Էրդողան-Գյուլեն դիմակայությունն է: Եվ այդ լարվածությանն ահա նոր թափ է հաղորդում թուրքական «Թարաֆ» պարբերականի բավական ուշագրավ բացահայտումը: Ըստ դրա՝ 2004 թ. օգոստոսին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել «Հետադիմականության դեմ պայքարի» մասին, որի թիրախում առաջնահերթորեն Գյուլենի կողմից ղեկավարվող կրոնական նուրջուական կամ այլ կերպ ասած գյուլենական շարժումն էր: Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը նախատեսում էր կոշտ միջոցառումներ ձեռնարկել երկրում հետադիմականության՝ առաջին հերթին հենց գյուլենական շարժման դեմ: Եվ խորհրդի այդ որոշման տակ, պարզվում է, որ ստորագրել են նաև ԱԶԿ-ական կարևոր դեմքեր, այդ թվում նաև՝ վարչապետ Էրդողանը: Իհարկե, հասկանալի է, որ այդ ժամանակ ԱԶԿ-ն և Էրդողանը, գտնվելով երկրի զինվորականության հետ լուրջ դիմակայության մեջ, չէին կարող ձեռնպահ մնալ նման քայլից: ԱԶԿ-ականներն այս բացահայտման հետ կապված հայտարարությամբ հանդես՝ հայտարարելով, որ այդ որոշումը ամեն կերպ կյանքի չի կոչվել, իրականում կիրառում չի ստացել: Սակայն սրանից հետո էլ նույն «Թարաֆ» պարբերականը նոր բացահայտմամբ հանդես եկավ՝ ներկայացնելով փաստաթղթեր, որ այդ ժամանակվա կառավարությունը, այդուհանդերձ գործողություններ է իրականացրել: Ժամանակին Թուրքիայի վարչապետի գրասենյակի քարտուղարի պաշտոնում գտնվող Օմեր Դինչերի ստորագրությամբ 2004, 2005, 2006 թ. պատկանող փաստաթղթեր կան: Ի դեպ, ԱԱԽ-ի այդ որոշման արդյունքում ձեռնարկվելիք գործողությունների համակարգումը դրվել է վարչապետի գրասնեյակի ու դրան կից գործող կառույցների վրա: Եվ պարզվում է, որ այդ ժամանակաշրջանում համապատասխան գերատեսչություններին ու մարմիններին կառավարության աշխատակազմից հանձնարարականներ են գնացել: Նույնիսկ որոշ մարմինների կողմից կառավարության աշխատակազմ են ուղարկվել որոշման համապատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ զեկույցներ: Փաստորեն, ի հայտ եկած նոր փաստաթղթերով հերքվում է կառավարության այն հայատարարությունը, որ իրականում այդ որոշումը գործնական կիրառություն չի ստացել:
Այս բացահայտումներն ու վերջին շրջանում Էրդողան-Գյուլեն դիմակայությունը կարող է էականորեն ազդել ներթուրքական քաղաքական գործընթացների վրա: Առաջիկայում սպսվում է Թուրքիայի համար կարևոր մի իրադարձություն՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի նախագահի ընտրություններ, որտեղ Էրդողանը մեծ հավակնություններ ունի: Այս համատեքստում Գյուլենը Թուրքիայում բավական լուրջ ազդեցություն ու լծակներ ունի, որով կարող է ազդել ընտրական գործընթացների վրա: Իսկ վերջին շրջանում հենց ԱԶԿ-ի ներսում ինչ-որ խմորումներ կան, որոնք ընտրությունների մոտենալուն պես ավելի ցայտուն կդրսևորվեն: ԱԶԿ-ի ներսում, նաև վերին օղակներում, Գյուլենի կողմնակիցները նույնպես շատ են, և այդ դիմակայության շարունակումը կարող է անդրադառնալ ներկուսակցական նոր գործընթացների ծավալմանը նախագահական ընտրությունների նախաշեմին և մեծացնել բաժանարար գծերը: