Մինչև հայաստանյան հասարակությունը զբաղված է Վիլնյուսում ընթացող իրադարձություններով, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են դեկտեմբերի 1-5-ը Ստամբուլում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին:
Հայաստանյան կողմը ներկայացնում է «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը, որի ներկայացուցիչները նշում են, որ հանդիպման նպատակն է' «բարձրացնել կանանց դերը կոնֆլիկտի լուծման գործում»: Թե ինչի՞ շուրջ պետք է ընթանա «երկխոությունը» կամ ի՞նչ խնդիր է լուծելու կանանց ներգրավվումը այս պրոցեսում, մի կողմ թողնենք, առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ այդ հանդիպմանը ադրբեջանական կողմը ներկայացնող Նովելլա Ջաֆարօղլուն «ԱՊԱ»-ին հաղորդել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների» ֆորմատով հանդիպում է կայանալու:
ԿՌԿ-ի ղեկավար Գոհար Շահնազարյանը հերքել է լուրերը, թե Ադրբեջանի կողմից տարածված ֆորմատի մեջ է հանդիպումը, սակայն փաստ է, որ Հայաստանից մարդիկ երկխոսության մեջ են մտել այնպիսի անձանց հետ, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի գումարներով, նման հանդիպումներով, փորձում են սեփական խաղը տանել իրենց ցանկալի ուղղությամբ:
Հասկանալու համար, թե ով է Ջաֆարօղլուն, նշենք, որ շատ բան հայտնի է «Wikileaks»-յան գաղտնազերծումներից (http://wikileaks.org/cable/2008/11/08BAKU1125.html): Վերջինս նմանատիպ հանդիպումներ է կազմակերպել նաև Վրաստանում' Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Վրաստանի կանանց մասնակցությամբ, իսկ իր գաղափարները համաձայնեցնում ու օժանդակություն է ստանում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովից, ով հանդիպումների արդյունքների մասին տեղյակ է պահում նաև Ադրբեջանի նախագահին: Իսկ հանդիպումների ֆինանսավորումը ստանում Բաքվից ու Անկարայից:
Թե ինչ հանդիպումներ են մինչև այս եղել ու ինչ հարցեր են քննարկվել, շատ քիչ բան է հայտնի ու պարզ չէ, արդյո՞ք ինֆորմացիա կլիներ, եթե Ջաֆարօղլուն այդ մասին մամուլում չխոսեր, սակայն փաստ է, որ Ադրբեջանը հանդիպումից առաջ «քարոզչական նախապատրաստություն» է տեսել' հանդիպումը ներկայացնելով բավականին հնչեղ գունավորմամբ:
ԿՌԿ ղեկավար Գոհար Շահնազարյանը Emedia.am-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության պատճառով հայկական կողմը քննարկում է Ստամբուլ գնալու նպատակահարմարություն: Պարզ չի, թե այդ հանդիպմամբ ի՞նչ խնդիր է իր առջև դրել լուծել հայկական կողմը, սակայն ադրբեջանական կողմի ներկայացուցչի ու Ադրբեջանի քարոզչամեքենայի նախանական տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այս պրոցեսում թուրք-ադրբեջանական կողմը բազմաթիվ թակարդներ է պատրաստել: Տարօրինակ է, որ նույնիսկ այսպիսի փաստերի առկայության պայմաններում ԿՌԿ-ն դեռ մտածում է հանդիպման նպատակահարմարության մասին: Ակնհայտ է, որ այս իրադրությունում հանդիպման մասնակցելը ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական խաղում գործիք ծառայելը: