Հայաստանում գործող ռուսական ընկերության վարած կադրային քաղաքականությունը անհանգստացրել է ընկերության աշխատակիցներին, ինչը ստիպել է վերջիններիս դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել, այսպես ասած, զանգվածային կրճատումների դեմ: Մասնավորապես ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակիցները, որոնց միացել էին նաև այլ աշխատողներ, ՀԷՑ վարչական շենքի մոտ պահանջում էին ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը:
Այն, որ այս դեպարտամենտի աշխատակիցների կրճատման հետ կապված տեղեկությունները տարբեր կերպ էր մեկնաբանվում ղեկավարության և աշխատակիցների կողմից, արդեն իսկ իրողությունը: ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը ցուցարարների առաջ հայտարարեց, որ կրճատման մասին դեռ որոշում չի կայացվել, այնինչ աշխատակիցների և դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը պնդել է, որ Բիբինն իրեն ասել է, թե իր ղեկավարած դեպարտամենտի աշխատակիցներին տեղեկացնի որ երկու ամիս հետո նրանք այլևս չեն աշխատելու: Իսկ Մոսկվայում տնօրենների խորհուրդը չի հաստատել դեպարտամենտի լուծարման ծրագիրը:
Այս իրար հակասող փաստերը թույլ են տալիս միայն ենթադրել թե ինչ է կատարվում ՀԵՑ-ում:
Նշված դեպարտամենտի աշխատակիցների պնդմամբ, Բիբինը իրեն թույլ է տալիս ավելորդ ծախսեր ու շռայլություններ, ինչի հետևանքով այսօր ընկերությունը կանգնած է սնանկացման ճամնապարհին: Այդ իսկ պատճառով նաև ընկերությունը գրավել է հարկային մարմինների ուշադրությունը: Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 19-ին ՊԵԿ աշխատակիցները ստուգման նպատակով կրկին այցելել էին ՀԷՑ: ՀԷՑ-ը ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի գծով չէր վճարել ընդհանուր առմամբ 1,9մլրդ դրամ, ներառյալ՝ տույժերն ու տուգանքները: Այդ մասին գրել էր «Օրակարգ» թերթը (23.10.2011թ., «Հարկայինը այցելել է ՀԷՑ և Դ1,9մլրդ է պահանջում»):
ՀԵՑ ղեկավարություն-աշխատակիցներ հարաբերություններում բացահայտ անվստահության տարրեր կան: Բողոքի ակցիայի ժամանակ Բիբինի հավաստիացումներին ցուցարար աշխատակցները պատասխանում էին, որ նա «խաբում է», «չեն հավատում» և այլն: Քանզի, ըստ աշխատակիցների, կան նախադեպեր, որ ՀԷՑ-ից ազատված աշխատակիցներին նույն խոստումներով ազատել են ու այլևս ետ չեն կանչել: Իսկ անվստահության մթնոլորտի ձևավորման համար աշխատակիցները բերում էին իրենց փաստարկները: Մասնավորապես՝ «Բիբինի պաշտոնավարման շրջանում համակարգում գրեթե ներդրում չի կատարվել և որ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը գրեթե ամբողջությամբ մաշված վիճակում է». կամ 10 տարի առաջ խոշոր սպառողների համակարգում էլեկտրաէներգիայի կորուստը եղել է 15-18%, իսկ այժմ այն կազմում է 2.5%, ինչը ըստ աշխատակիցների, լավ ցուցանիշ է: Աշխատակիցների տեղեկացմամբ այս դեպարտամենտի լուծարումը պատճառաբանվում է այդ բաժնի սպասարկման ներքո գտնվող օբյեկտների՝ Երևանի երեք մասնաճյուղերի վրա բաժանմամբ, որպեսզի դրանց գրանցած բարձր արդյունքները տեղաբաշխվի ու այդ մասնաճյուղերում արձանագրված բարձր կորուստները նվազեցվի՝ հասցնելով 8-9%-ի:
ՀԵՑ ղեկավարության կողմից հստակ պատճառաբանություն չկա դեպարտամենտի լուծարման վերաբերյալ, այլ կան միայն ընդհանուր ձևակերպումներ՝ բարեփոխումներ:
Նշենք, որ բողոքի ակցիան այս պահին դադարեցված է:
Հ.Գ. Նկատենք, որ ռուսական ընկերությունները կադրային քաղաքականության վարման տեսանկյունից առաջին հայացքից նմանություններ ունեն: Հիշեցնենք, որ 2010թ. Նոյեմբեր ամսին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից լուծարման հրաման էր ստորագրվել Սանահին Լոկոմոտիվային դեպոյի վերաբերյալ: Դոպոյի ավելի քան 100 աշխատակիցների հետագա ճակատագիրը անհասկանալի էր: Այն ժամանակ էլ ՀԿԵ-ից պարզաբանում էին, որ ոչ մի աշխատակից գործազուրկ չի մնա: