Տիգրան Խզմալյան'ԱՌՅՈՒԾԸ (մաս երկրորդ)
...Համեմատենք Արցախյան պատերազմի հերոսներին:
Առասպելական Բեկորը' Աշոտ Ղուլյանը, Շահումյանի առաջնորդ Շահեն Մեղրյանը կամ Արցախյան զորքի առաջին հրամանատար Ագոն' Արկադի Կարապետյանը ' հպարտ ու ազատատենչ արցախցու' հողից, քարից ու ջրից ծնված ազատամարտիկների կերպարներ են, ովքեր ամեն մի հարազատ գյուղ, ամեն մի սար ու ձոր անանցելի խրամատ էին դարձնում թշնամու ճանապարհին:
Կոմանդոսը' Արկադի Տեր-Տաթեւոսյանը' Թիֆլիսում մեծացած, սովետական բանակում մարտական գեներալի կոչում ստացած ու կյանքի կեսից դեպի ազգ ու Հայրենիք կտրուկ շրջադարձ կատարած զինվոր է, որը ծրագրեց ու ղեկավարեց Շուշիի եւ Բերդձորի ազատագրումը:
Ժիրայր Սեֆիլյանը' բեյրութցի կամավոր, ով Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին զենքով պաշտպանում էր հայկական թաղամասերը, իսկ Արցախ գալով' գլխավորեց Շուշիի առանձնակի գումարտակը, որն իր կազմով ունեցել է շուրջ 2,5 հազար զինվոր եւ իրականում ամբողջ մի գունդ էր հանդիսանում;
Մոնթե Մելքոնյանը, առասպելական Ավոն' ծնունդով ամերիկահայ, ով մինչեւ պատանեկություն իր հայությունն էլ չեր գիտակցում, իսկ հասկանալով այն' նետվեց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի, ահեղ ԱՍԱԼԱ-ի շարքերը ... Արցախյան պատերազմում նա ապահովեց ամենադժվար ու ընդարձակ' արեւելյան ճակատի պաշտպանությունը:
Սակայն անգամ այս առասպելական հերոսների շարքում միայն Լեոնիդն էր, որն ի սկզբանե մտածում էր ոչ միայն հանճարեղ զինվորի ու հրամանատարի նման, այլ որպես իրական ազգային առաջնորդ' մի ողջ բանակի ստեղծման ու պատմական Հայրենիքի ազատագրման մասին... Եւ նա նպատակաուղված կառուցում էր այն' Հայաստանի Անկախության բանակը:
Լեոնիդի դերն ու առաքելությունը հայոց ազգային-ազատագրական պայքարի արցախյան շրջանում եզակի է: Անկախության բանակի զինվորները նրան դիմում էին “Պարոն Լեոնիդ”: Արդյոք գիտեի’ն նրանք, որ հայերենում “պարոն” բառն առաջացել է խաչակիր արշավների ժամանակ, երբ Երուսաղեմի ճանապարհին հայոց Կիլիկիա էին հասնում եւրոպական ասպետները, որոնք հիմնականում կրում էին բարոնի տիտղոսը, քանի որ նրանց մեծամասնությունը ազնվական ընտանիքների կրտսեր որդիներն էին, ինչը եւ արտահայտում էր “բարոնի” կոչումը: Համենայնդեպս Կիլիկիայից Մեծ Հայք հասած այս խոսքը մեզանում հավերժ միաձուլվեց ասպետի եւ ազնվականի կերպարին: Այդպես որ պարոն Լեոնիդ Ազգալդյանի ասպետական կեցվածքն ու դիրքը հայ զինվոները բնորոշեցին գրեթե բնազդով:
Նրա զինակիցներից Նորայր Գալստյանը համեմատում է նրան Գարեգին Նժդեհի հետ: Սարգիս Հացպանյանը անվանեց նրան գերմարդ... Իգոր Մուրադյանը բնութագրեց նրան այսպես' “Լեոնիդը մարտնչող փիլիսոփա էր, եւ ոչ “փիլիսոփայող մարտիկ”... Նրա զինվորներից Միշա Տաթեւոսյանն էլ չուզեց Լեոնիդին ոչ մեկի հետ համեմատել եւ միայն տարօրինակ թվացող մի բան ասաց իր զոհված հրամանատարի մասին' “Նա աստղերի հետ էր խոսում”...
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են նայում Լեոնիդին նրա զինվորները... Սա ոչ թե պարզ հարգանք է սիրված հրամանատարի նկատմամբ, առավել եւս ոչ էլ վախ կամ կույր հնազանդություն: Սա խորապես գիտակցված վստահություն է նրա հանդեպ եւ նրան հասկանալու, հավատալու, հետեւելու, նրա ծառայությանը հաղորդակից դառնալու եւ ճակատագիրը կիսելու ցանկություն է ու պատրաստակամություն: Դա այն է, ինչ կոչվում է սեր:
Լեոնիդ Ազգալդյանը իսկական ասպետ էր, ով հիշում էր հայոց ասպետության մասին, որի առաջ խոնարվում էին Միջնադարի մեծագույն ասպետ-արքաները' Ֆրիդրիխ Բարբառոսան ու Ռիչարդ Առյուծասիրտը, հայերին ճանաչելով որպես խաչակիր արշավների իրենց միակ դաշնակիցներ: Լեոնիդը, կարծես, վերականգնում էր հայոց ասպետությոնը, իբրեւ իսկական միջնադարյան արքա, հայոց վերջին արքան...
Նա ինքն իրեն Կարսեցի էր համարում' մոր գերդաստանի ծննդավայրով: Նա անչափ շատ էր կապված իր գեղեցկուհի մորը, այնպես որ տիկին Նինայի վաղաժամ մահը ծանրագույն վերք հասցրեց Լեոնիդի սրտին: Մոր կերպարը մշտապես կանգնած էր նրա աչքի առաջ եւ միգուցե դրանով էր բացատրվում այն խիստ պահանջկոտությունը, որով նա առաջնորդվում էր կանանց հետ հարաբերություններում: Միգուցե դա էր պատճառը, որ նա չհասցրեց կազմել ընտանիք եւ զավակ ժառանգել ...
Մենք միայմ մի գաղտնիք գիտենք Լեոնիդիդ Ազգալդյանի մասին, որն անհայտ էր իրեն: Այդ գաղտնիքի անունն է' Տիգրանակերտ: Ազգալդյանների հայրական հարազատ Բարսում գյուղը գտնվում է Արցախյան Տկրակերտի մերձագայքում, Վանքասարի հյուսիսային ստորոտին ... Արցախյան հերոսամարտից ու հաղթանակից մեկ տասնամյակ անց, երբ ոմանք արդեն շտապում էին սակարկել ազատագրված հողերն ու հայտարարում որ դրանք “մեր հայրենիքը չեն”, 2005 թվականի օգոստոսին Համլետ Պետրոսյանի հնագիտական արշավախումբը պեղումների ժամանակ հայտաբերեց Տիգրան Մեծի օրոք կառուցված ամրոցի պատերը, նրա արեւելյան բերդաքաղաքներից մեկի' Արցախյան Տիգրանակերտի փառահեղ ավերակները: Եւ այս առասպելական միջնաբերդը, որը կարծես հողի տակից ու ժամանակի խավարից հարեց, գտնվում է Ազհալդյանների հայրական Բարսում գյուղի մոտակայքում: Ահա որն է Լեոնիդի կյանքի ու ճակատագրի այն գաղտնիքը, որը թեեւվ անհայտ էր մնացել նրան, սակայն արյան ու հոգու կանչով, անշեղորեն ձգում էր նրան, կարծես մի մագնիս հողի տակից' դեպի Արցախ, դեպի հայրական տուն, դեպի ազատագրմանը սպասող հայոց մեծագույն արքա Տիգրան Մեծի ամրոցը: Լեոնիդ Ազգալդյանի բանակի կողմից ազատագրված տասնյակ բնակավայրերին պետք է ավելացնել նաեւ այս բերդաքաղաքը: Լեոնիդը իր հերոսական կյանքով ու մահով ազատագրեց նաեւ Արցախյան Տիգրանակերտը:
Կա մի տարօրիանակ ու խորհրդավոր թվացող հանգամանք: Երբ հանճարն ու հերոսը խոսում է ուրիշի մասին, հատկապես իր մտերիմ ընկերոջ ու զինակցի մասին, նա կամա թե ակամա ինքն իր մասին է ասում ամենակարերոր բաները: Անհնար է բնութագրել Լեոնիդ Ազգալդյանին ավելի ճիշտ ու սպառիչ կերպով, քան ինքն է արել: Ու թեեւ նրա այս խոսքերը ուղղված են իր մարտական ընկեր Վլադիմի Բալայանին, նրա թաղման օրը, Լեոնիդի մահից տասներկու օր առաջ, լսեք այս խոսքերը: Լեոնիդը խոսում է ինքն իր մասին:
“Նա է ստեղծել որ ընկճված ժողովուրդը, ոտնահարված ժողովուրդը ոտքի կանգնեց, զենքը վերցրեց եւ ազատագրեց իր աշխարհը...Դա ամենամեծ գործն է, որ կարող էր անել զորավարը: Նա ցույց տվեց մեզ բոլորիս, որ մենք կարող ենք զենքով մեր երկիրը պահել: Էն մակարդակը որ նա ուներ...կամ ունի... էն մակարդակի մարդու ամեն ժողովուրդ երեւի ծնում է երեք-չորս դար մեկ... Դա մենք պետք է պարզ հասկանանք: Եւ արմատը, որ նա դրել է էս երկրում պետք է թույլ չտա, որ մենք որեւե կաթիլ նահանջենք: Դա է ամենակարեւորը մեզ բոլորիս համար: Որուհետեւ այն ինչ արել է էս մարդը, ամեն մեկը չի կարող անել: Նա մեզ տվել է մակարդակ, “дух”, հասկանում էք? Զինվորի մակարդակ... Նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածներ, որովհետեւ այնտեղ նրա պահանջը կա: Երեվի դա է իմաստը...Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ: Նա զոհ է, բայց ոչ նահատակ: Ուրեմն եթե ուզում եք որ նա նարից վերածնվի, պետք է մենք մեր երկիրը պահենք: Եւ էն խստությունը որ նա իր հանդեպ ուներ, մենք պետք է նույն խստությամբ ամենքս մեզ վերաբերվենք: Էս մարդը ոչինչ չի ափսոսացել' ոչ ընտանիք, ոչ ամուսնություն, ոչ միտք, ոչ էներգիա, ոչ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել' ձեզ համար, էս հողի համար...”
Լեոնիդ Ազգալդյանը հայի այն տեսակն է, որն իր մեջ պարունակում է սպառիչ պատասխանն այն հարցին' թե ինչպե’ս հայ ժողովուրդը հաղթեց Արցախում թվով ու զենքով իրեն գերազանցող թշնամուն:
Լեոնիդ Ազգալդյանը հայի այն տեսակն է, որը բացատրում է, թե ինչպես հայ ժողովուրդը դիմացավ պատմության բոլոր արհավիրքներին ու պահպանեց իր պետականությունն ու պատիվը:
Լեոնիդ Ազգալդյանը հայի այն տեսակն է, որը թույլ չի տալու մեզ կորցնել մեր պատիվն ու պետականությունը:
Լեոնիդ Ազգալդյանը հայի այն տեսակն է, նմանվելու ու դարնալու որին պետք է ձգտի հայերի յուրաքանչյուր նոր սերունդը:
Լեոնիդ Ազգալդյանը' ոչ թե մեր պատմությունն է, այլ մեր ապագան: