Ի պատասխան «1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ» հոդվածի, որ տպագրվել էր «Իրատես de facto»-ում (22.10.2013), Սոկրատ Խանյան ստորագրությամբ նյութ է տպագրվել։ Բարեբախտաբար, նյութի հեղինակն իր անվան տակ թվարկել էր իր տիտղոս-կոչումներն ու պաշտոնը, այլապես ինձ բավականին զվարճացրած այդ «պատասխանին» հազիվ թե կարողանայի անդրադառնալ առանց հեգնանքի։ Անկեղծ ասած՝ նյութից (հոդված չեմ ասում) ամենևին տպավորություն չստացա, որ հեղինակը գրականության կամ գրականագիտության հետ կապ ունեցող մարդ է։

Եվ այսպես, նախորդ հոդվածը՝ կոնկրետ օրինակներով, այն մասին էր, որ Պարույր Սևակի հետ Վարդան Հակոբյանի հանդիպման վերաբերյալ վերջինիս հուշերը բացահայտ կեղծիք է, սուտ է, հնարանք է, ու դա երևում է «հուշապատման» յուրաքանչյուր տողից։ Սրան ի պատասխան, նյութ գրողը, ինչպես ընդունված է նման դեպքերում, պետք է հակառակն ապացուցեր։ Այն է՝ Վարդան Հակոբյանը 1967 թ. երկրորդ կուրսի ուսանող իր երկու համակուրսեցիների հետ հանդիպել է մեծ գրողին ու հետը բաժակ խփել։ Բայց պրոֆեսոր Խանյանը յուրովի է մոտեցել խնդրին՝ իր նյութը հեղեղելով Վ. Հակոբյանի «բարեմասնությունների» թվարկմամբ, կարծես խոսքը մարդու տալու աղջկա մասին է. Վարդան Հակոբյանն «իր գրական թարմ հունձքի շնորհիվ արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, Հայաստանի նախագահի մրցանակին, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի», այսինչ-այնինչ արժանիքներն ունի, նրա մասին Հովհ. Շիրազը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Վազգեն Առաջինը և այլք «դրվատանքի» խոսքեր են ասել։ Եվ նյութի շուրջ 70 տոկոսն այդ մասին է։
Այսինքն՝ պրոֆեսոր Խանյանին ավելի շատ հուզել է ոչ թե այն, որ իր պաշտպանյալի հուշերը փչոց ու կեղծիք է անվանվել, այլ այն, որ նախորդ հոդվածի հեղինակը «հուշերը» կարդալուց հետո նախապես փորձել է համացանցից տեղեկություններ քաղել «անհայտ այս «գրող, դոկտորի» կենսագրության ու գործունեության» մասին։ Եթե պրոֆեսոր Խանյանն անձամբ տեղյակ չէ, թե մեր ժամանակներում ովքեր և ինչպես են մրցանակներ, կոչումներ ստանում, ասեմ, որ ես բավականին լավ ծանոթ եմ ՀԳՄ-ի խոհանոցին ու անդրկուլիսյան «գրական» առևտուրներին։ Հիմնականում զոհ գնալով քաղաքավարությանը, մեր երևելի արվեստագետներն էլ քիչ չեն քաղցր խոսքեր ասել իրենց «ոտը եկած» բազմաթիվ սկսնակ ու միջակ ստեղծագործողների, որոնք հետագայում դուրս են թռել նորին մեծություն ժամանակի «մաղի» միջից և անհետացել արվեստի ու գրականության լուսանցքներում։ Այսօր «դոկտոր», «պրոֆեսոր» ու այլ կոչումներ նույնքան հեշտ կարելի է ձեռք բերել, գնել, որքան դիպլոմներ՝ տարբեր մասնավոր «համալսարաններից»։
Անցնենք պրոֆեսոր Խանյանի մեջբերած «փաստարկներին»։ Վարդան Հակոբյանն իր «հուշերում» գրել է, որ «Կոմունիստ» ռուսերեն թերթի գրականության բաժնում, «զրույցներ էր լսում Չարենցի՝ Բաքվում անցկացրած ամիսների մասին»։
«Հուշագրության» մասին «1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ» վերնագրված հոդվածում կարդում ենք. «Նախ՝ այդ տարիներին Բաքվում «Կոմունիստ» ռուսերեն թերթ չկար: Հայտնի է, որ Չարենցն էլ մի որոշ ժամանակ աշխատել է հայերեն «Կոմունիստ» թերթում»:
Ի պատասխան, պրոֆեսոր Խանյանը երկար-բարակ պատմում է, որ Չարենցը իրոք աշխատել է «Կոմունիստ» ՀԱՅԵՐԵՆ (ընդգծումը իմն է - հեղ.) թերթի գրականության բաժնում։ Հետո մի ողջ պատմություն է անում Չարենցի գրասեղանի մասին, որ պաշտամունքի առարկա էր դարձել հայ գրողների, այդ թվում՝ իր համար։ Երևի պրոֆեսորը չի նկատել որ իր պաշտպանյալը ոչ թե հայերեն, այլ գոյություն չունեցող ՌՈՒՍԵՐԵՆ «Կոմունիստ» թերթի մասին է գրել։ Իսկ ինչ վերաբերում է Չարենցի՝ Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում աշխատելու փաստին, դա ոչ ոք չի վիճարկել, ու գրասեղանի մասին զրույցն էլ ազգակցական ոչ մի կապ չունի Սևակի ու Վ. Հակոբյանի հանդիպման հետ։ Չեմ ուզում հավատալ, որ պրոֆեսոր Խանյանը նույն մեթոդով է կարդում իր դասախոսությունները. ասենք՝ Դուրյանի քնարերգության դասին պատմելով Վարդան Մամիկոնյանի և նրա նժույգի մասին...
Վերջին օրինակը պատահական չբերեցի։ «Հուշերը» քննադատող հոդվածում բառ անգամ չկա, թե ինչու է Սլավիկ Հակոբյանն ընտրել Վարդան և ոչ թե Սաղաթել կամ Մամիկոն անունները։ Իսկ պրոֆեսոր Խանյանը մի ողջ պարբերություն էլ դրան է նվիրել, որպեսզի նշի, որ «Վարդան» անունը «կնքել է մեծանուն Հովհ. Շիրազը»։
Հետո՞։ Ես էլ, օրինակ, մեկ-մեկ տպագրվում եմ Մարկ Եղիազարյան ու այլ անուններով։ Կամ իր նյութի սկզբում երկարաշունչ ներկայացնում է, որ «հոկտեմբերի 17-19-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպել էր հայագիտական միջազգային համաժողով», և ինքը մի քանի օր գտնվելով Երևանում, թերթեր է գնել, այդ թվում՝ «Իրատես de facto»-ի թիվ 64-ը (ի դեպ, «Իրատես de facto»-ի վերոհիշյալ համարը հոկտեմբերի 22-ին էր լույս տեսել։ Այսինքն՝ համաժողովն ավարտվելուց օրեր անց)։
Գյուլնազ տատի այս զրույցները որևէ կապ ունե՞ն Վ. Հակոբյանի «հուշերի» հետ։ Ի՞նչ կարևոր է, պրոֆեսոր Խանյանը ՀՀ ԳԱԱ-ի երևանյան համաժողովո՞ւմ է կարդացել «հուշերի» մասին նյութը, Էյֆելյան աշտարակի մոտերքո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի որևէ սրճարանում։ Թե՞ պրոֆեսորը ցանկացել է հուշել մեզ, որ անձամբ միջազգային «ակադեմիական» համաժողովի է մասնակցել և, ի դեպ, իրեն բարոյական իրավունք է վերապահում անծանոթ մարդկանց, «ինչ-որ հեղինակների» դու-ով դիմելու, ինչպես, ասենք, իր ուսանողներին։
Պրոֆեսոր Խանյանը գրում է. «Նշեմ, որ ես 1962-ից թողել էի «Կոմունիստ» թերթի աշխատանքը, սովորել ասպիրանտուրայում, 1965-ին Երևանում, ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել թեկնածուական թեզ' «Ն. Զարյանի դրամատուրգիան» թեմայով, այնուհետև դասախոսում էի Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնում...»։
Որևէ մեկը կարո՞ղ է կապ տեսնել այս մեջբերման ու Վ. Հակոբյանի շինծու «հուշագրության» մասին հոդվածի հետ։ Խանյանն ասում է. «1967-ին ես ևս ներկա եմ եղել Բաքվում կազմակերպված գիտաժողովին, որի մասին ակնարկում է Վարդան Հակոբյանը»։ Գիտաժողովին ներկա լինելն ի՞նչ կապ ունի Սևակ-Վ. Հակոբյան հորինված հանդիպման հետ։
Ու որպես վերջին հաղթական վրձնահարված, Խանյանը վերջին հուժկու «մեխն» է խփում. «Ես ևս ներկա եմ գտնվել այդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ծովափնյա հյուրանոցում»։ Ահա այդպե՛ս: Դե, նախանձից պայթեք... Բայց պրոֆեսորն ուշադիր չի կարդացել իր պաշտպանյալի հուշերը։ Ինքը շատ ուշ է ներկայացել այդ հանդիպմանը: Վարդան Հակոբյանն իր «հուշերում» էպիզոդիկ դեր է հատկացրել նրան: Նա մի ինչ-որ տիկնոջ հետ ժամանել է այն պահին, երբ Սևակն արդեն վերջին՝ երրորդ ուսանողի բանաստեղծություններն էր անձամբ կարդում՝ բարձրաձայն։
Երկրորդ կուրսեցի մյուս երկու բանաստեղծների մասին։ Ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, երբ Վ. Հակոբյանին հարցրի՝ ձեր երեքից ինչո՞ւ եք միայն դուք հուշեր գրել, ո՞ւր են այն երկուսը, նա պատասխանել է՝ կենդանի չեն, մահացել են։ Հրաշալի պատասխան է, չէ՞։ Իսկ մինչև մահանալն ինչո՞ւ չէին գրել, չէ՞ որ հենց իրեն՝ Սևակին էին հանդիպել։ Կամ ինչո՞ւ է Վ. Հակոբյանը սպասել, որ բոլոր «վկաները», Սևակի բոլոր անցուդարձերին քաջածանոթ ընկերները վախճանվեն, որպեսզի ինքը հուշեր գրի համազգային այդ «հանդիպման» մասին, որտեղ իրեն՝ Վարդան Հակոբյանին, Սևակի ասելով՝ «Աստված էր ուղարկել»: Կարո՞ղ է, Հակոբյանին Սևակի մոտ ուղարկած այդ «Աստված» վերոհիշյալ հանդիպման մասին հուշեր գրելու մենաշնորհը տվել էր միայն Վարդան Հակոբյանին:
Բայց, ախր, քիչ մնաց մոռանայի. անմոռաց այդ հանդիպման բոլոր կենդանի վկաները մահացել են... բացի մեկից: Վկայի դերակատարներից մեկին՝ Սոկրատ Խանյանին Աստված (կամ՝ Հակոբյանը) խնայել է, որպեսզի վերջինս վերոհիշյալ «պատասխանի» մակարդակով ապացուցի չկայացած մի հանդիպման հավաստիությունը։
Համացանցում գտա Պարույր Սևակի 80-ամյակի կապակցությամբ Սոկրատ Խանյանի մի հոդվածը՝ գրված 2003 թվականին (ահա հղումը՝ demonewspaper.com)։ Այնտեղ ոչ մի տող չգտա Սևակի հետ Վարդան Հակոբյանի հանդիպման մասին, որին, ինչպես պատասխան այս նյութում վկայում է պրոֆեսոր Խանյանը, ինքը նույնպես ներկա է գտնվել և «որը տեղի է ունեցել ծովափնյա հյուրանոցում»։ Երևի նա սպասել է, որ այդ հանդիպման մասին անձամբ գրի միայն Վարդան Հակոբյանը, որին Աստված էր ուղարկել իր «քարտուղարի»՝ Սևակի մոտ...
Խե՜ղճ հայ գրականություն։