Երեկ կայքերից մեկում կարդացի, որ Երևանի ավագանու ՀՀԿ անդամ և իրեն եզդիների համայնքի ներկայացուցիչ համարող Արմեն Ամոյանը (ի միջիայլոց ես և իմ բազմաթիվ եզդի ընկերները, բարեկամներն ու ծանոթները, ովքեր Երևանի բնակիչներ են, անակնկալի եկանք՝ իմանալով այս մասին), կարծիք է հայտնում և հայտարարում, որ «Ազիզ Թամոյանը ինքնակոչ է, որ իրեն եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ է հռչակել, ինչպես նաև դժգոհություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ չկատարված նախընտրական ինչ-որ խոստումների համար»: Ի պատասխան և ի գիտություն Արմեն Ամոյանի՝ տեղեկացնենք, որ, նախ՝ եզդիների համաշխարհային խորհուրդ կազմակերպություն որպես այդպիսին գոյություն չունի կամ մեզ հայտնի չէ, որ Ազիզ Թամոյանն էլ իրեն այդ խորհրդի նախագահ հռչակեր, այլ գոյություն ունեն և գործում են Հայաստանի և Աշխարհի եզդիների միությունները, պարոն Թամոյանն էլ հենց այդ միությունների հիմնադիր ղեկավարն է, ուստի որևէ հարցի շուրջ, առավել ևս՝ անձի մասին խոսելուց առաջ փորձեք տիրապետել գոնե նվազագույն գիտելիքների և տարրական էթիկայի կանոններին, չէ՞ որ դուք ի վերջո եզդի համայնքի ներկայացուցիչն եք Երևանի ավագանու կազմում, այնպես որ ձեր արատահայտած մտքերում եղեք առավել զգոն ու կոռեկտ, և երկրորդ՝ եթե անգամ պարոն Թամոյանը կարծիք է հայտնել դժգոհելով Երևանի քաղաքապետարանից և քաղաքապետից, ապա դա նրա՝ Սահմանադրությամբ ամրագրված ազատ կարծիք հայտնելու իրավունքն է, հետևաբար դա ձեզ որևէ բարոյական իրավունք չի տալիս անձին ինքնակոչ անավանելու: Անձնական և համայնքի շահերը չխառնելու և եզդի համայնքի բարի համբավն ու անունը չվարկաբեկելու թեմաներով խոսելուց առաջ էլ փորձեք ընդամենը մտաբերել այն մեծ ու ազգապահպան գործունեությունը, որն երկու տասնամյակից ավել իրականացրել և իրականացնում է Եզդիների ազգային միությունը՝ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Այս մասին բոլորը գիտեն և մանրամասնելու կարիք, կարծում եմ, չկա: Իսկ դուք նման ոչ ադեկվատ և սուբյեկտիվ դիրքորոշմամբ ապացուցում եք, որ ինքներդ եք առաջին հերթին առաջնորդվում նեղ անձնական շահերով: Այսուհետ փորձեք լինել առավել օբյեկտիվ և կոռեկտ… Առայժմ այսքանը: