Բարեւ, ֆրանսիախոս քաղաքապետեր
կամ՝
Որոշ պարզաբանումներ ֆրանկոֆոնիայի սկսնակ գիտակների համար

 

1. Հանգամանքների բերումով առաջին օտար լեզուն, որի տիրապետել եմ կատարյալ, ֆրանսերենն է: Թեպետ անգլերեն բանավոր ու խոսակցական լեզվին այժմ տիրապետում եմ նույնքան վարժ, այդուհանդերձ, ֆրանսերենը այն լեզուն է, որով խոսում եմ առանց ակցենտի՝ ֆրանսիացու նման եւ առոգանությամբ. այս փաստից անգամ ցնցված էին Ֆրանսիայի հայահոծ քաղաքաների մեր հայրենակիցները 2011թ. աշնանը՝ ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, ովքեր զարմանում էին, թե ինչպես է հնարավոր նման ֆրանսերեն խոսակցական ունենալ, մինչ այդ երբեւէ եղած կամ ապրած չլինելով Ֆրանսիայում:

 

2. Սույն «ինքագոովազդին» հարկադրված գնացի հիմնավորելու համար, թե ինչու պետք է «Ժառանգություն» խմբակցությունը իմ թեկնածությունն առաջադրեր 2007-2012թթ. չորրորդ գումարման խորհրդարանում իբրեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային խորհրդարանական վեհաժողովում հայկական խոհրդարանական պատվիրակության անդամ: Ի գիտություն՝ ֆրանսերենիս ու ագլերենիս իմացությունը միանգամայն բավարար են եղել, որպեսզի թե’ Ֆրանկոֆոնիայի, թե’ ՆԱՏՕ-ի, թե ՍԾՏՀ-ի, թե ԵվրաՆեսթի խորհրդարանական վեհաժողովներում /մի տեսեք, թե ինչ վեհաժողովներում եմ աշխատել երկար տարիներ/ իմ ելույթներն անձամբ գրեմ հենց այդ լեզվով, այլ ոչ թե լավագույն դեպքում ընթերցեմ այլոց գրած-թարգմանած տեքստերը: Օրինակ, ցանկության պարագայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում այսօր էլ կարող եք գտնել նաեւ իմ ելույթը: Ֆրանսերենիս իմացության որակի ու մակարդակի մասին կարող եք նաեւ հետաքրքրվել ՀՀ Կառավաման ակադեմիայից, ԱԺ պատգամավորներ Արա Բաբլայանից, Արմեն Ռուստամյանից, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության քարտուղար Ալիս Մարտիրոսյանից եւ շատ ուրիշներից... Փարզում եղել եմ այդ միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, հրաշալի տեղյակ եմ նրա չափումներից ու հարթակներից /խորհրդարանական վեհաժողովն իր տարբեր հարթակներով, քաղաքապետերի միջազգային ասոցիացիան/: Եւ ընդհանրապես, միջազգային կազմակերպությունները, որպես ոլորտ, լավ գիտեմ ոչ միայն իմ աշխատանքային փորձով, այլ նաեւ իբրեւ քաղաքագետ...

 

3. 2008 թե 2009թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը պետք է տեղի ունենար Փարիզում: Անհասկնալիորեն մեջ տեղ գցեցին այն, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր գլխավորած պատվիրակությամբ նույնպես մասնակցելու է դրան, եւ ֆինանսական միջոցների «սղության» պատճառով ինձ դուրս թողեցին պատվիրակությունից ու նրա հետ տարան միայն ընտրյալներին, այդ թվում՝ պատգամավորների, ովքեր ֆրանսերենին չեն տիրապետում: Հետագայում, իմ խողովակներով տեղեկացա, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն է հայտնել նաեւ ելույթ ունենալ այնտեղ, սակայն մերժվել է, քանի որ ... ԵԼՈՒՅԹ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ: Չէին համաձայնվել անգամ նրան, որ նա խոսեր հայերեն ու հայկական կողմն ապահովեր համաժամանակյա ֆրանսերեն թարգմանությունը: Արդյունքում, Հովիկ Աբրահամյանը նստել էր դահլիճում իբրեւ հյուր, եւ ըմբոշխնել ֆրանսերեն չթարգմանվող ելույթները, ապա վերադարձել Երեւան:

 

4. Կուզենամ հասկանալ, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի ելույթ նախատեսված է ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովում, ի՞նչ լեզվով է այն լինելու՝ եթե անգամ, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի հետ պատահածի, նրան թույլատրվի թարգմանաբար ելույթ ունենալ...

Այլապես պատկերացնում եմ, թե քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ինչպես է ըմբոշխնում ֆրանսերեն կամ անգլերեն ելույթները ե ճպճպացնում աչքերը...

Հետգրություն. Միջոցառումը, որին մասնակցում է Երեւանի քաղաքապետը, կոչվում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողով, ինչը նշանակում է՝ ֆրանսերեն խոսող քաղաքապետերի, այլ ոչ թե ֆրանսիախոս/ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողով...

Ինչե~ր գիտեմ ես, որ դուք չգիտեք...