Վարդան Պետրոսյանն ինձ համար էս պարագայում դերասան չի, հանրությանը հայտնի մարդ չի - ինքը մարդ է, վարորդ է, որը հայտնվել է սարսափելի իրավիճակում: Որպես արդեն տարիների փորձ ունեցող վարորդ՝ շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանի ճանապարհների ու երթևեկի պայմաններում, ստրեսոգեն իրավիճակում մեքենա վարելը: Իրականում մենք՝ վարորդներս, ամեն օր հրաշքով պատահարներից խուսափած ենք հասնում տուն: Ես կուզեի միայն երկու բան ընդգծել․
1. Ճանապարհային պատահարը, եթե չի կատարվել երթևեկության կանոնների ակնհայտ կոպիտ ոտնահարմամբ /հարբած ղեկին նստել, հանդիպակաց գծով վարել, արագությունը կտրուկ գերազանցել, կարմիրի տակով վարել և սրան համարժեք/ դիտավորյալ կատարված հանցավոր արարք չէ: Շատ հաճախ դա ճանապարհային անփութության, իրադրության սխալ գնահատման, պատահականության և բազմաթիվ տխուր սխալների հետևանք կարող է լինել: Նման հանգամանքների զոհ կարող է, ցավոք, դառնալ ցանկացած վարորդ, նույնիսկ՝ ամենակարգապահը: Էլեմենտար մեկ հետիոտնի անփությությունը հաճախ կարող է պատճառ դառնալ ճանապարհային մեծ պատահարի: Իսկ միջքաղաքային մութ ճանապարհների ու թարթիչներից ու լուսային ազդանշաններից զզվող շատ մեքենաների մասին էլ չեմ խոսում:
Այդ պատճառով վարորդին դիտել որպես հանցագործ, քանի դեռ նրա կատարած ծանր խախտումը ապացուցված չէ /գոնե առայժմ/ ու նախնական կալանքով սահմանափակել նրա տեղաշարժի, էլ չեմ ասում՝ բուժման իրավունքը, դաժան որոշում է:
2. Նման պատահարի դեպքում ավելորդ է նույնիսկ խոսել, թե ինչ են զգում զոհերի հարազատները: Չեմ էլ ուզում մտածել, զգալ նրանց զգացածը, իմ ուժերից վեր է իրենց հետ էդ ամենը վերապրելը: Գրեթե նույնքան դժվար է վերապրել այդ ամենը վարորդի տեսանկյունից․․․ Կամ գուցե՝ վարորդների տեսանկյունից, չէ՞ որ իրականում կա նաև երկրորդ մեքենայի վարորդը, որի գործողությունները հանրությունը չի քննարկում: Վարորդների վիճակը մարդկայնորեն ողբերգական է: Զոհերին չես վերադարձնի: Այս պարագայում միակ բանը, որ հանրությունը, զոհերի հարազատները և իրենք՝ վարորդները, կարող են ակնկալել, իրական պրոֆեսիոնալ փորձաքննությունն է, որը թույլ կտա՝ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որ վարորդն իրեն ինչպես է պահել, որ հանգամանքներն են ազդել իրավիճակի վրա, ի վերջո՝ գուցե ճանապարհի այդ հատվածում կա խնդիր, որը կարող է հետագայում ևս վթարների առիթ դառնալ, և որը պետք է լուծել: Մենք այդ ամենը չգիտենք:

Ես՝ որպես վարորդ, որը պատկերացնում է իրավիճակի ողջ սարսափը, որը գիտակցում է, թե ճանապարհին ամեն մանրուք, ամեն անփույթ մեկ հատիկ գործողություն ինչպես կարող է դառնալ կյանքի անդառնալի փոփոխության պատճառ, կուզեի պահանջել, որ տեղի ունենար ազնիվ, անկողմնակալ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ փորձաքննություն։ Դա պետք է երկու մեքենաների վարորդներին: Դա պետք է այդ հատվածում երթևեկող բոլոր վարորդներին: Դա պետք է արդարադատությանը: Եվ վարորդները, քանի դեռ չկան այդ փորձաքննության արդյունքները, նույն այդ վթարի զոհերն են, որոնց նախապես պատժել կալանքով՝ առնվազն, կրկնում եմ, դաժան է:

Ես նաև կուզեի, որ մենք չշեշտենք Վարդանի՝ հայտնի դերասան լինելու հանգամանքը: Ես չեմ տեսնում, թե, վնասելուց բացի, ինչ է նույն Վարդանին տալիս այդ աղմուկը: Որպես վարորդ նա հայտնվել է դժվարագույն իրավիճակում: Նրան այս պահին ավելի կօգներ իմանալ ճշմարտությունը, իրականությունը: Հասարակական պրոտեկցիոնիզմով մենք միայն խորացնում ենք ստեղծված բարդ իրավիճակը: «Մի պատժեք, քանի որ նա Վարդանն է» - տողատակերում միշտ կարդում ենք սա, ու ավելի սխալ ձևակերպում ուղղակի հնարավոր չէ գտնել: «Մի պատժեք, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ» - սա է միակ ճիշտ ձևակերպումը: Ու դա պետք է կիրառվի նման ճանապարհային պատահարների, էլ չեմ ասում՝ բազմաթիվ այլ դեպքերի նախաքննության պարագայում:
Ու շատ կուզեի, որ տեսախցիկների, կարմիր գծերի, արագաչափերի ու Սայաթ-Նովա-Թումանյան հատվածում ասֆալտի վրա մասնագիտացած մեր քաջարի վարպետները մի օր ի վերջո սկսեին զբաղվել ճանապարհներին իրական անվտանգություն ապահովելու խնդիրներով: