Հայկ Պետրոսյանն, ով արդեն երկար տարիներ զբաղվում է մեկ այլ մասնագիտությամբ, իրականում ռեփի ֆանատ ու տաղանդավոր ռեփեր է:
«Ռեփի հանդեպ հետաքրքրություն ու սեր ձեռք եմ բերել դեռ այն ժամանակ, երբ հայկական ռեփը կամ ձեւավորված չէր, կամ էլ հիմնական ներկայացուցիչը Հայկ Ստվերն էր: Հայկից սկսվեց հետաքրքրությունս երաժշտական տվյալ ուղղության նկատմամբ, բայց հետագայում հասկացա, որ ինքս էլ կարողանում եմ ստեղածագործել այդ ոճում, իհարկե ցանկացած պահի չես կարող վերցնել գրիչն ու մեկը մյուսի ետեւից մի քանի երգ գրել, բայց իմ կյանքում էլ եղել են ու կարծում եմ կլինեն պահեր, որ անկախ քեզնից մտքումդ արդեն պատրաստ երգի բառեր ունես»- ասեց Հայկը:

Նա արդեն 24 տարեկան է, բայց չի փորձել լուրջ քայլ անել այս ասպարեզում, որովհետեւ կարծում է, որ հայկական շոու բիզնեսում դժվար է վաստակել՝ մանավանդ ռեփով: Բացի այդ՝ ըստ Հայկի, չի կարելի պարզապես ինքնահաստատվելու կամ ուժերը փորձելու համար մի քանի անիմաստ երգով կամ տեսահոլովակով youtube-ը գրավել ու երգիչ համարվել:
«Այն, որ ռեփը թույլ է տալիս բողոք արտահայտել, դեռ չի նշանակում, որ կարելի է բողոքել ամեն ինչից ու ամեն կերպ: Բողոքն էլ պիտի հիմք ու արդարացում ունենա: Ոչ ոք չի հերքում, որ ռեփը, կոպիտ ասած, փողոցում առաջացած երաժշտական ոճ եւ ուղղություն է, բայց չի կարելի հերքել նաեւ այն, որ սա եւս արվեստի ճյուղ է ու ստեղծագործելու համար բավական չէ միայն տառերի իմացություն ու մի քանի հայհոյանք:»
Հայկն առայժմ չի ցանկանում զբաղվել երգչի կարիերայով, որովհետեւ ներկայումս ունի ավելի առաջնային ու ոչ պակաս սիրելի մասնագիտություն՝օպերատորությունը, որում շարունակում է մասնագիտանալ:
Իրականում ռեփերին հատուկ էությամբ, բառապաշարով ու մտածելակերպով փոքր ինչ կոպիտ անձնավորության ներսում զգացմունքային ու հավասարակշռված մարդ է ապրում,ով որպես նախասիրություն ունի ռեփ երաժշտությունը ու դրա նկատմամբ անսպառ հետաքրքրությունը եւ սերը:
Իսկ վերջում անդրադառնալով Հայկ Ստվերի՝ իրեն ուղղված հարցերին, Հայկը պատասխանեց հետեւյալը՝
«Տեղյակ եմ, որ արդեն 2 տարի է, ինչ Հայկը գտնվում է հանրապետությունից դուրս, այսինքն, ապրում ու ստեղծագործում է Կիեւում եւ չնայած չգիտեմ «Բլեք Բեն» խմբի լուծարման պատճառն, այնուամենայնիվ Հայկ Ստվերին ավելի շատ գնահատում ու սիրում եմ,որպես անհատ կատարող ու չեմ նմանեցնում արտասահմանյան որեւէ երգչի՝ մանավանդ ձայնով:»


Հայկուհի Ջանիկյան
LoveYou.am