Իսկապես, ինչպե՞ս ես կարող եմ մոռանալ այդ օրը: Օր՝ որ այդքան բան տվեց ինձ և այդքան բան տարավ... տարավ ՝ անվերադարձ :
Հիշու՞մ ես խորը աշուն էր, օրը մռայլ, ամպամած: Հուսահատ հոգնած ծառերը արդեն հրաժեշտ էին տալիս իրենց վերջին տերևներին... մենք նստած էինք նստարանին՝ ծառերի տակ : Ես քեզ «տերևների սարսափի» մասին էի պատմում , մանրամասն նկարագրում թե որքան սարսափելի է մեռնել ամեն տարի... իսկ դու... դու նայում էիր ինձ ու կարծես չէիր տեսնում... մտքերով հեռու էիր . հեռու ինձանից... հեռու ամենքից... հիշու՞մ ես երբ ես հանկարծ լռեցի , դու կարծես արթնացար , հետ եկար իրականություն: Ես այդ ժամանակ մտածեցի, որ իմ ձայնը օգնում է քեզ սավառնել, օգնում՝ անէանալ... որ իմ ձայնը քեզ համար հասարակ ձայն չէ, և այդ ժամանակ ավելի սիրեցի քեզ:
Դու բռնեցիր ձեռքս և ասացիր, որ չափից շատ տպավորվող ու զգացմունքային եմ ... որ հիմա մեր օրերում այդպիսին լինելը վտանգավոր է , երբեմն նաև' մահացու... դրանից հոգիդ կարող է մեռնել, իսկ դա ավելի սարսափելի է, քան երբ մարմինդ է մեռնում...
Անձրևը հեղեղի պես թափվում էր երկնքից , կարծես չարացած լիներ, կարծես ինչ-որ վրեժ լուծեր : Մինչև այդ օրը ես սիրում էի անձրևը և հավատում, որ ամեն անգամ անձրևից հետո փողոցների նման ՝ մարդիկ էլ են մաքրվում... մաքրվում՝ մեղքերից, չար մտքերից, նախանձից, ստից... իսկ հիմա... հիմա ես ատում եմ անձրևը...
Ես քեզ ուժով քաշեցի անձրևի տակ, դու գրկեցիր ինձ և մենք միասին սկսեցինք պտտվել: Ես խենթի նման ծիծաղում էի... ես երջանիկ էի...
Երբ կրկին հողը զգացի ոտքերիս տակ, անմիջապես սկսեցի վազել , իսկ դու' իմ հետևից... ասես երկու մանկիկ լինեինք. խենթի նման ցատկում ջրափոսերի մեջ և մեծագույն հաճույք էինք ստանում դրանից... ոչ ոք և ոչինչ մեզ չէր խանգարում. ո'չ անձրևանոցների տակ ապաստան գտած և ինչ-որ տեղ շտապող անցորդները, ո'չ նրանց խեթ ու քննադատող հայացքները :
Բայց ես զգում էի, զգում էի որ մի բան լինելու է, վատ բան... զգում էի , որ դա անխուսափելի է...
Օրը մոտեցավ ավարտին, պետք է հրաժեշտ տայինք իրար : Ու ինչու՞ ես դու ասում մնաս բարով՝ ցտեսության փոխարեն ... գնու՞մ ես... ու՞ր... ե՞րբ... ինչու՞... չես սիրու՞մ... չի կարող պատահել, չեմ հավատում... ՄՆԱՍ ԲԱՐՈՎ : Շրջվեցիր ու հեռացար... քո վերջին խոսքերն էին' ՄՆԱՍ ԲԱՐՈՎ...
Ես մնացի կագնած... ես կարծես աշնան հողմակոծ և հալածված ծառ լինեի , որից պոկվեց և հեռացավ իր վերջին տերևը, վերջին ՝ և միակ տերևը...
Անձրևը դեռ չէր դադարել՝ շարունակում էր վրեժ լուծել... այդ օրվանից ես ատում եմ անձրևը... այն քեզ տարավ...մաքրեց տարավ անվերադարձ...
Շնորհակալ եմ այդ օրվա համար... այն ինձ այնքա՜ն բան սովորեցրեց... ասում են. «Մարդիկ կան մեծանում են տարիների ընթացքում, իսկ մարդիկ էլ կան' պահի տակ»: Ես մեծացա պահի տակ՝ մեկ օրում...