«ՄԱՐՏԸՆԿԵՐ»
Դեկտեմբերի 27, 1997թ.
1966 թվականի մարտի 9-ին, Երևանում, սովորական պայմաններում ծնվեց անսովոր մի մանչուկ, ծնվեց ու ժառանգեց սրբացած նախնու անունը՝ Վարդան։ Մեծացավ զարմանահրաշ գրքերի աշխարհում՝ գրադարանում, մայրը Երևանի նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի գրադարանի վարիչն էր։ Մայր ու որդի օրվա մեծ մասն այնտեղ էին անցկացնում։ Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվեց Վարդանի հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Այդ ժամանակից գիտեր դարասկզբին ազգի գլխին եկած Մեծ եղեռնի, գերված հողերի, պապերի տեղահան եղած դառը ճակատագրի մասին։ Զգում էր, որ դեռ կռիվ ունենք, տուն բերելու հողեր ունենք։
Վարդանը մոր, քրոջ և եղբոր հետ
«Ամաչում եմ ազգիս տղաների համար՝ գնում են Ռուսաստան հնոցապան կամ վարպետ դառնում։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է՝ զինվորական, սպա ո՞վ պետք է դառնա»։ Այս էր նրա Աֆղանստան կամավոր կռիվ մեկնելու պատճառը։
1986թ-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար։ Բայց եկան փորձության, ինքնահաստատման օրեր, ոտքի կանգնեց հայ ժողովուրդը, հավատաց արդարության, ճշմարտության վերածնությանը։ Ոտքի կանգնեց և Արցախը, օգնության կանչեց Մայր Հայրենիքի զավակներին։ Նոր էր վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ Հերոս օտարի հողում, ու՞մ է պետք։
Հիշատակման է արժանի համալսարանի ընդունելության քննությունից մի տող. «Մանկուց է հոշոտվել իմ հոգին, հայ ասելով ես հասկանում եմ ԵՂԵՌՆ, ՊԱՅՔԱՐ, ԼՈՒՅՍ ՈՒ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ։ Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»։
Եվ հայոց եղեռնի ցավը հոգում ելավ պայքարի, որ հարատևի իր ազգի վերածնունդն ու հավերժական գոյն աշխարհում։ Ազգի ցավով տառապող, մանկուց հոշոտված նրա հոգին ժայթքեց 88-ի առաջին իսկ օրերին։
Զենք-զինամթերք ձեռք բերելու համար անվախ հասնում էր Մոսկվա, տարբեր քաղաքներ։ Հեշտ չէր նաև խորհրդային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո մարդկանց հավաքագրելու գործընթացը։ Բացի ճակատից, գործել է նաև ընդհատակում։ Կապ պահպանելով Մոսկվայի հայ համայնքի, ինչպես նաև անվանի լրագրողների հետ, մեծ է եղել նրա դերը Արցախյան շարժումը Մոսկվայում լուսաբանելու, իսկությունը հանրությանը ներկայացնելու, հասարակական կարծիք ստեղծելու առումով։ Եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից Հայաստանի սահմաններում, Արցախում։ Մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալույի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։
Կարողանում էր լսել, ամբարել և ասել իրենը՝ բանիմաց, անհավակնոտ, ճշմարիտ։ Հրաշալի տիրապետում էր զինվոր պատրաստելու բոլոր գաղտնիքներին, սիրում էր իր փորձը, իմացածը տալ, հաղորդել ուրիշներին։ Նա Ղարաբաղի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և նրա զինվորներն այսօր ղարաբաղյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։ Անհանգիստ էր, մտածող, անվերջ որոնող։ Շուշիի ազատագրումից հետո նրա նախաձեռնությամբ ականապատվեց Շուշիի – Զառիսլու ճանապարհը։
Այսպես շարունակ, մինչև գույժը շամփրեց հուլիսյան տաք օրվա սիրտը, և օդը ցրտեց։ Որդուց քիչ պակաս հերոս մայրը, որը ոչ միայն չէր արգելել, պահել որդուն խենթորեն նվիրվելու Արցախին, այլև ինքն էլ դարձել էր որդուն համակիր ու գաղափարակից, դարձավ սևազգեստ։ Ընկերների թիկունքից հսկա սար շուռ եկավ, կարծես մեջքները կոտրվեց…
Աստված իմ, որքան դաժան է կյանքը, անարդար՝ Աստծո ընտրությունը։
Այո՛, այդ ամենից հետո շատ շատերին թվում է, թե Հայրենիքի համար նահատակված զինվորներին հարգանքի տուրք մատուցելիս երբեմն գունազարդվում է իրականությունը, խտացվում գույները։ Բնավ այդպես չէ, ու չարաչար սխալվում են նրանք, ովքեր այդպես են մտածում։
Ու եթե որևէ մեկին «ԱՐԾԻՎ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՆԱ ԻՐՈՔ ԱՐԾԻՎ Է ԵՂԵԼ։ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԵՆՔ ԻՄԱՑԵԼ։ Օրինակ, Վարդանին ճանաչողները զինակիցները նրան «Ազգի հերոս» են անվանում։ Ասեմ, որ արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, Շուշիի ազատագրման համար մեդալին, մի շարք պարգևների ու պատվոգրերի։
Անմահ հերոսներՊատերազմը իր օրենքներն ունի, չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հող կյանք է պահանջում, և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։ Արցախյան պայքարը, այդ հողի վրա թափված արյունը հավաստիացնում է բոլորին. չկա երևանցի կամ գյումրեցի, արարատցի կամ գորիսեցի, հայաստանաբնակ, սփյուռքահայ։ Կա միայն սրբագործված հայ նահատակ զինվորի անունը՝ Դուշման – Վարդան, Աշոտ (Բեկոր), Արթուր (Դուդուլ), Վիգեն (Բեյրութցի), տասնյակ ու հարյուրավոր քաջ տղերք։ Ու այդ սերմերը դեռ որքան ծիլեր են տալու, իսկ ապրողներիս պարտքն է հիշել նրանց պատգամը։
Այո՛, արդեն հող են դարձել բացակա տղաները։ Հողը նրանց առել է իր գրկի մեջ ու սիրուց ու վշտից ծիլ տվել։
Ամալյա Եդիգարյան