ՍՐՏՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Սպա լինելն աշխարհայացք է, զինվորական լինելը' ապրելակերպ»:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Երիտասարդ սպաներից ոմանք մի քանի տարի ծառայելուց հետո երկընտրանքի պահեր են ունենում' արդյոք ճի՞շտ են ընտրել մասնագիտությունը: Սովորաբար նման մտորումների առիթ են դառնում ինչպես ծառայության, այնպես էլ կենցաղի հետ կապված անսպասելի դժվարությունները: Երբեմն էլ սպային թևաթափ է անում որոշ ծառայակիցների' զինվորականին անհարիր պահվածքը: Նման դեպքերի համար առաջարկում ենք մի կարճ ինքնավերլուծություն:

Եթե դուք հպարտանում եք ձեր երկրով, աշխարհում բարի առաքելություն եք վերագրում նրան և ինքներդ պատրաստ եք իրականացնելու այն, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Վեհ գաղափարների վրա հիմնված պետականությունը զինվորականի իդեալն է, հանուն որի նա պատրաստ է ինքնազոհաբերության: Առանց այդ իդեալի' զինվորական լինել հնարավոր չէ:

Եթե ձեր հոգում ինչ-որ բան է թրթռում Հայաստանի օրհներգը լսելիս և հայոց եռագույնը տեսնելիս, ուրեմն՝ ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Զինվորականի համար պետական խորհրդանշաններն իր իդեալների նյութական արտահայտություններն են' մարտական դրոշը, զինվորական համազգեստը, տարբերանշանները, զենքը, որպես խրախուսանք տրվող պարգևները և այլն: Զինվորականը չի կարող անտարբեր լինել խորհրդանշանների նկատմամբ:

Եթե դուք կարիք եք զգում շփվելու ձեր համախոհների, ձեր իդեալներն ունեցող մարդկանց հետ, զգալու միասնաբար նույն նպատակին ծառայելու բերկրանքը, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Որևէ այլ տեղ չի կարող լինել համախոհների այնպիսի համախմբում, ինչպես բանակում է: Առանց զինակիցների զինվորական լինել հնարավոր չէ:

Եթե դուք սիրում եք փորձել ձեր ուժերը, չեք վախենում ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններից, եթե ձեզ դուր է գալիս ժամանակ առ ժամանակ ձեռնոց նետել ճակատագրին և այդ ամենն անել իմաստավորված, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Զինվորականն ինքն իրեն ճանաչում է պայքարի մեջ: Իսկ առանց ինքնաճանաչողության անհնար է կատարելագործվել:

Եթե դուք և ձեր հարազատներն այնքան ուժեղ եք, որ կարող եք դիմանալ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված հաճախակի ու տևական բաժանումներին, հանկարծակի տեղափոխումներին ու կենցաղային անհարմարություններին, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Ճիշտ է ասված, որ զինվորականի ընտանիքը ծառայում է նրա հետ միասին: Միայն ամուր ընտանիք ունեցողը կարող է զինվորական դառնալ:

Վերջապես, եթե դուք կարող եք ծառայությանը նվիրվել առանց շահ ու պարգևատրում ակնկալելու և կարող եք ձեր հոգում փշրել նույնիսկ ձեր անարժան ծառայակցի պարգևատրումից առաջացած նախանձի կամ ընդվզումի ալիքը, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք:

Զինվորականի համար բավական է այն, որ ամբողջ կյանքի ընթացքում իր մասին ասեն. «Նա անձնվիրաբար է ծառայում իր երկրին»:

Զինվորականին ուրիշ պարգև պետք չէ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»