Այսօր հայտնի գործարար քաղաքական գործիչներից մեկը իր իսկ հրավիրած մամլո ասուլիսում հենց սկսզբից իր խոսքն սկսեց լրագրողներից դժգոհելով, բողոքելով, թե իբր մենք' լրագրողներս, սպասարկում ենք ոչ թե հասարակության կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ մասնավոր անձանց շահերը: Հետո սկսեց սովորության համաձայն բավականին կոպիտ ու մուննաթախառը տոնով պատասխանել գրեթե բոլոր լրագրողների հարցերին: Իսկ վերջում սույն քաղաքական դեմքը որոշեց շահարկել լրատվամիջոցներից մեկի պատկանելիության հարցը:
Հարգելի' քաղաքական գործիչներ, ձեզ դուր չի գալիս, չէ, որ լրագրողները ձեզ սուր ու քննադատական հարցեր են տալիս, որ երբեմն անձնական բնույթի դեպքերը շահարկող հոդվածներ են գրում ձեր մասին և այլն??? Բա դուք ինչու եք նույն կերպ վարվում լագրողների հետ, ինչու եք հրապարակավ հեգնական ու կոպիտ տոնով խոսում ձեզ հարց տվող լրագրողի հետ, ինչու եք հրապարակավ քննարկում, օրինակ, ձեզ դուր չեկած լրագրողի տեսքը, բոյը, քաշը, ֆիզիկական, մտավոր և այլ տվյալները, և, հատկապես, հրապարակավ ձեր ամբիցիաները ցուցադրում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ձեր պատկերացման, պատկանում է այս կամ այն քաղաքական անձին կամ ուժին, որի հետ դուք գուցե անձնական խնդիրներ կամ հակակրանք ունեք, և այդ ամենը փորձում եք արտահայտել նաև տվյալ լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի նկատմամբ, ով, միգուցե, բոլորովին էլ թշնամաբար կամ ընդգծված քննադատաբար չի տրամադրված ձեր դեմ:
Կամ եթե մտել եք քաղաքականության մեջ, ուրեմն պատրաստ եղեք նաև քննադատության, ինչու եք կարծում, որ ձեր մասին բոլորը միայն լավը պետք է գրեն: Ի վերջո, մի' փորձեք ամեն անգամ շահարկել այս կամ այն լրատվամիջոցի' ինչ-որ մեկին պատկանելու հարցը' անընդհատ նշելով, թե հաստատ հարցերն ու նյութերը պատվիրված են: Ուզում եք ձեր մասին միայն լավը գրվի, ուրեմն ձեր սեփական լրատվամիջոցը բացեք ու զբաղվենք ձեր իսկ PR-ով և ուրիշներին մի' մեղադրեք ձեզ քննադատելու մեջ: Եվ լրագևողներին մի' տրամադրեք ձեր դեմ, դա հաստատ ձեր շահերից չի բխում: Ի վերջո, դուք նաև դժվար կարողանաք ապացուցել այն տեղեկությունները, թե այսինչ լրատվամիջոցը պատկանում է այսինչ մարդուն, այնպես, ինչպես մենք չենք կարողանում ՕՐԵՆՔՈՎ ապացուցել շատ պատգամավորների ու այլ պաշտոնյաների' օրենքով արգելված բիզնեսներ ունենալու փաստը, կամ թեկուզ այն, որ ձեզանից շատերը գուցե հարստացել են ժողովրդին թալանելով, հարկեր չվճարելով, կամ, ենթադրենք, հանցավոր ճանապարհով:
Հիշե'ք, այսօր լրատվադաշտում առկա բոլոր թերությունների, պախարակելի ու վատ երևույթների գլխավոր մեղավորը դուք եք' քաղաքական գործիչներդ, որովհետև դու'ք եք միմյանց դեմ պատվիրում այդ վատ նյութերը, դու'ք եք ստեղծում այդ անառողջ մթնոլորտը: Պարզ բան է' ինչ պատվիրեք, այն էլ կստանաք: Այլ կերպ ասած' ինչ ցանես, այն էլ կհնձես: Ցանե'ք լավ սերմ, ու կհավաքեք առողջ բերք: Դրա համար էլ այսօրվա լրատվադաշտը լիովին արժանի է ներկայիս քաղաքական դաշտին, այնպես, ինչպես ընդդիմությունն է արժանի իշխանությանը:
Եվ մի' մոռացեք, որ եթե մենք' լրագրողներս էլ չլինենք, այս երկրում ձեր մասին ոչ ոք չի իմանա և չի խոսի: Գոհ եղեք, որ թեկուզ վատը, բայց գոնե էլի ձեր մասին գրում են. ուզում եք լավը գրեն, լավ գործեր արեք!!!