Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լուրեր էին տարածվել, որ «փակվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը», և հակառակորդի դիրքերից կրակոցներ են եղել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի՝ մասնավորապես Բարեկամավանի, Բաղանիսի ու Դովեղի ուղղությամբ։ Ռազմինֆոն փորձել է ճշտել լուրերի իսկությունը։

Բարեկամավան համայնքի գյուղապետ Գարիկ Աբազյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանեց, որ արտառոց դեպքեր չեն գրանցվել։ «Կեսօրվա ժամերին կրակոցներն ավելի ակտիվ են եղել, բայց խուճապ չկա, ամեն ինչ կարգին է, տուժածներ չունենք»։

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ ճանապարհի ուղղությամբ կրակոցներ չեն գրանցվել։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերի ու գյուղի ուղղությամբ կրակոցներ հնչել են, սակայն կեսօրվա ժամերին։

Համայնքի ղեկավար Սամվել Սամվել Գորգինյանը Ռազմինֆոյին մեկնաբանեց. «Ներկա դրությամբ իրավիճակը նորմալ է, անհանգստանալու բան չկա։ Կեսօրին շատ են կրակել, ինչի հետևանքով նախազգուշողական միջոցառումներ ենք իրականացրել։ Դաշտերից ու կարևոր ճանապարհներից մարդկանց հեռացրել ենք։ Բայց սխալ կլինի, եթե ասեմ, որ կոնկրետ տների ուղղությամբ էին կրակում։ Մենք տուժածներ չունենք, վնասներ չենք կրել»։

Ռազմինֆոյի այն հարցին՝ արդյոք ժամանակավորապես փակվել է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհային հատվածը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիյանն ընդգծեց. «Ճանապարհի այդ հատվածը փակ է, սակայն միայն այն պատճառով, որ անվտանգությունն ամրապնդելու աշխատանքներ են ընթանում, որևէ այլ պատճառ չկա»։

Մամուլի քարտուղարը հավելեց, որ Դովեղի ուղղությամբ կրակոցներ եղել են, կրակել են հրաձգային զենքից, իրարանցման առիթ չկա, քանի որ «հակառակորդի այդչափ ակտիվությունը սովորական է, զոհեր ու վիրավորներ բարեբախտաբար չկան»