Odnoklassniki.ru կայքում Հենդո Տրիկո անունով հանդես եկող անձի դեմ մի կին հոկտեմբերի 4-ին մեղադրանք է ներկայացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Նա հայտնել է, որ odnoklassniki.ru սոցիալական կայքում Հենդո Տրիկո կեղծանունով հանդես եկող մեկը նույն կայքում իր և իր հարազատների նկարներով ստեղծել է կայքէջ, որտեղ տեղադրել է իր հեռախոսահամարը և վիրավորական արտահայտություններ:
Պարզվել է, որ Հենդոն սոցկայքում ծանոթացել և շփվել է կնոջ հետ, որից որոշ ժամանակ անց կինը դադարեցրել է շփումը, հեռացրել նրան իր ընկերների ցանկից: Դրանից հետո Հենդո Տրիկոն սպառնացել է նրան, որ եթե կինը չշարունակի շփվել, ինքը կվնասի նրա դստերը:
Կնոջ պատմելով՝ ինքը, տեղի տալով սպառնալիքներին, շարունակել է շփումը հեռախոսազրույցների միջոցով: Սրան էլ հետևել է մեկ այլ շանտաժ. չտարածելու համար ձայնագրված խոսակցությունները, անծանոթ տղամարդը կնոջից 3000 դոլար է պահանջել: Նրա մատնանշած բանկից կինը 1000 դոլար գումար է փոխանցել նույն բանկի Գյումրու մասնաճյուղ' ոմն Պետրոսյանի անունով: Ոստիկանությունը պարզել է, որ Պետրոսյանին գումարը ստանալու խնդրանքով դիմել է Նարեկ անունով մի քաղաքացի: Պարզվել է, որ Նարեկը նույն 27-ամյա Նարեկ Պեպանյանն է, որը 2011 թվականին ազատազրկվել է և այժմ գտնվում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: