ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

-Սաթյան ազգանունը ասոցացվում է կոմպոզիտորական արվեստի, մասնավորապես' երգարվեստի հետ։ Փաստորեն, Սաթյանների երրորդ սերունդը նույնպես իր ճանաչված անուններն ունի երաժշտության բնագավառում։

-Այո՛, հորս' Արամ Սաթունցի եւ հորեղբորս' Աշոտ Սաթյանի զավակները ժառանգեցին նախնիների հակումները, տաղանդը եւ իրենց ուրույն խոսքն ասացին երաժշտական արվեստում։ Իմ որդին' Դավիթը, կոմպոզիտոր է, նրան հրավիրել են աշխատելու Լոնդոնում, ունի հեղինակավոր պատվերներ եւ ընդունված է այն միջավայրում, որտեղ ստեղծագործում է։ Աշոտ Սաթյանի թոռը' կրտսեր Աշոտ Սաթյանը, նույնպես կոմպոզիտոր է, եղբորս' Ռուբենի որդին ճանաչված ջազմեն է Հունաստանում, զարմիկս' Արթուրը, Բեյրութի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

-Հայրե՞րն են ուղղորդում որդիներին դեպի երաժշտություն։

-Ընդհակառակը, հայրերը, իրենց մաշկի վրա զգալով ստեղծագործական ճանապարհի դժվարությունը, հակված են իրենց զավակներին հեռու պահել այդ բարդ ու տքնաջան ուղուց, բայց խոսում է գենը, նաեւ հայրերին նմանվելու միանգամայն հասկանալի ցանկությունը։

-Պարոն Սաթյան, Դուք մեծացել եք արվեստագետի ընտանիքում, ծանո՞թ եք այդ խավի ներքին կյանքին, փոխհարաբերություններին, բարքերին։ Ի՞նչ արժեքներով էր ապրում մտավորականի ընտանիքը Ձեր մանկության, պատանեկության տարիներին, ի՞նչ ձգտումներ ուներ, ի՞նչ գաղափարախոսություն էր դավանում։ Հետաքրքիր է' ինչի՞ մասին էին խոսում, երբ հավաքվում էին արվեստագետ ընկերներով։

-Ես մեծացել եմ արվեստագետների միջավայրում, մեր տանը բազմիցս տեսել եմ Մարտիրոս Սարյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետիք Իսահակյանին եւ շատ ուրիշ հռչակավոր մտավորականների։ Նրանք նույնքան գեղեցիկ ու կատարյալ էին կենցաղային հարաբերություններում, առօրյա կյանքում, որքան չքնաղ ու կատարյալ էր նրանց ստեղծած արվեստը։ Հավատարիմ ընկեր էին, ուրախանում էին միմյանց հաջողություններով, օգնում էին իրար, անչար ու աննախանձ էին։ Խոսքուզրույցի թեման գրեթե միշտ հայկական մշակույթն էր, արվեստի նոր գործերը, տարբեր բնագավառի արվեստագետների ձեռքբերումները։ Նրանք մեծ հայրենասեր էին, սիրված էին ժողովրդի կողմից ու իրենք էլ ժողովրդին էին սիրում։ Ընդհանրապես արվեստագետն ընդունված էր ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ժողովրդի կողմից։ Մտավորականն իրեն պատասխանատու էր զգում ե՛ւ հայրենիքի, ե՛ւ հասարակ հայ մարդու ճակատագրի համար։ Հաճախ էր պատահում, երբ որեւէ անծանոթ մարդ մոտենում էր հորս ու պատմում իր դարդուցավի մասին' համոզված, որ կստանա նրա աջակցությունը։ Հորս մի զանգը բավական էր, որ խնդիրը լուծվեր։ Արվեստագետները հեղինակություն էին, եւ երկրի քաղաքական ղեկավարները հաշվի էին նստում նրանց հետ։

-Ինչո՞ւ արվեստագետը դադարեց ժողովրդի մարդը լինել եւ կշիռ ունենալ քաղաքական վերնախավի շրջանում։

-Որովհետեւ սկսեց մասնավոր, անձնական խնդիր լուծել։ Որովհետեւ սխալ մշակութային քաղաքականության մեղքով բարձր արվեստի պահանջարկը մղվեց ներքին պլան' զուգահեռաբար մեծ արվեստագետի կշիռն ու հեղինակությունը սասանվեց, հետզհետե հասարակության մեջ սկսվեց արժեզրկման տագնապալի գործընթաց, եւ ինտելեկտը, կրթվածությունը, բարոյականությունն իրենց դիրքերը զիջեցին նյութական արժեքներին, մակերեսային ապրումներին, էժան հաճույքներին։ Պատվի բնորոշիչները փոխվեցին։ Երբ ես փոքր էի, ինձ անընդհատ հիշեցնում էին, որ պիտի լավագույնը լինեմ, քանի որ Սաթյան ազգանունն եմ կրում, պիտի շատ իմանամ, շատ կարդամ, բարեկիրթ լինեմ, բարոյական լինեմ։ Լավագույնին ձգտելու, կրթվելու, մարդկային լինելու ձգտումը յուրաքանչյուր ընտանիքի եւ ողջ հասարակության գաղափարախոսության հիմնաքարն էր։

-Պարոն Սաթյան, մեր զրույցի սկզբում Դուք նշեցիք, որ Ձեր որդին եւ զարմիկները ստեղծագործում են Լոնդոնում, Բեյրութում, Հունաստանում։ Եվ դա այնքան հանգիստ ասացիք, ասես այդպես էլ պետք է լիներ։

-Իմ տղան շատ ջանաց իր տեղը գտնել հայրենիքում։ Անհրաժեշտ է իրատես լինել եւ հասկանալ, որ հեշտ չէ հրաժարվել այն ամենից, որ քեզ առաջարկում են արտերկրում' ստեղծագործելու հնարավորություն, բարեկեցություն, եւ մնալ Հայաստանում' չգնահատված, կարիքավոր, ավելորդ։ Կոնսերվատորիայի բարձր կուրսերի տաղանդավոր շատ ուսանողներ որոշ ժամանակ անց մեկնում են արտասահման, քանի որ միջազգային մրցույթներում դափնեկիր դարձած յուրաքանչյուր երաժշտի համար բազմաթիվ երկրներ պարզապես պայքարում են։

-Բայց կան արվեստագետներ, որոնք չեն հեռանում հայրենիքից, օրինակ' Դուք Հայաստանում եք։

-Քիչ թե շատ կայացած արվեստագետի համար ավելի հեշտ է։ Ես պատվերներ ունեմ արտերկրից, այսինքն' նյութական աղբյուր ունեմ։ Գիտեք, չեմ ուզում բողոքել, դա իմ ոճը չէ… Բայց մի օրինակ նշեմ. իմ Լիլիթ պոպ-օպերան բեմադրվեց Մոսկվայում, նաեւ Հայաստանում, այն բեմ բարձրացավ հսկայական ծախսերի գնով եւ' ոչ մի փոխհատուցում։ Եթե չլինեին արտասահմանյան պատվերները, որտեղի՞ց էի վճարելու։ Շատ տաղանդավոր արվեստագետներ կան, որոնք չեն կարող ոչ մի երգ ձայնագրել' վճարունակ չլինելու պատճառով։ Մինչդեռ մեկը մյուսի հետեւից ձայնագրվում, հնչում ու տարածվում են այնպիսի անճաշակ, պարզունակ երգեր, որոնք ոչ մի կապ չունեն արվեստի հետ։ Պետությունը պետք է թիկունք լինի, հովանավորի տաղանդավոր արվեստագետներին, հատկապես' երիտասարդներին, պիտի պահպանի իր ինտելեկտուալ ներուժը։ Հայտնի խոսք կա' օգնել է պետք տաղանդավորներին, անտաղանդներն իրենց համար ճանապարհ կհարթեն։

-Փաստորեն, միջավայրը, բարքերը չե՞ն խանգարում, որ ծնվեն նոր տաղանդներ, որ երիտասարդ սերունդը շարունակի նախկին ավանդույթները։

-Ես դասավանդում եմ կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում եւ կարող եմ ասել, որ իմ ուսանողների մեջ օժտված, շնորհալի երիտասարդներ շատ կան, որոնք կարող են ստեղծել հայ մշակույթի բարձր չափանիշներին համապատասխան գործեր, մնայուն արժեքներ։ Այն, ինչ հնչում է այսօր ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում, մշակույթ չէ, արվեստ չէ, մեր խեղված նկարագրի արգասիքն է։ Այն ամենը, որ այսօր պարտադրվում է մեզ, ժամանակի ընթացքում կջնջ