Մեզանում քիչ են մարդիկ, ովքեր 100%-անոց ինքնավստահություն ունեն, յուրաքանչյուր մարդ ունի իր աքիլեսյան գարշապարը, ցավագին թեմաները, բարդույթներն ու ֆոբիաները: Իրական կյանքում այս ամենը խանգարում է սիրային և ընկերական հարաբերությունների կառուցմանը: Սակայն, այսպես կոչված, օնլայն հարաբերությունների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է:
Հնարավոր է արդյոք իսկական սեր գտնել համացանցում և ինչպես անել, որ օնլայն շփումը պատուհաս չդառնա իրական կյանքում: Սույն հոդվածում կփորձենք ներկայացնել այս հարցադրումների պատասխանները:
Օնլայն ժամադրություն. Skype, Facebbok, ICQ և այլն: Նախևառաջ պետք է հաշվի առնել համացանցային շփման գլխավոր առավելությունը: Այն շատ լավ լուծում է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում հաղթահարել իրենց ամոթխածությունն ու մարդկանց հետ շփման վախը: Բացի այդ' համացանցային շփումը կարող է օգտակար լինել մարդկանց հետ շփման հարցում հմտությունների կատարելագործման մեջ: Գերությամբ տառապող աղջկա պատմությունը, ով ֆոտոշոփի միջոցով համացանցում տեղադրել էր իր նիհար լուսանկարը, իսկ հետո ինտենսիվ դիետայի և մարզանքների միջոցով սկսեց նիհարել' հանուն համացանցով իրեն սիրահարված երիտասարդի, կարող է լավ օրինակ ծառայել համացանցի միջոցով սեփական կյանքը որակական այլ մակարդակի վրա բարձրացնելու խնդրում:
Սոցիալական կայքում կամ որևէ չաթում գրանցվելուց հետո շատ կարևոր է, որ կարողանաք գրավել ձեզ դուր եկած մարդու ուշադրությունը: Այս հարցում ձեզ կօգնեն հումորի զգացումն ու կարդացվածությունը, ինչպես նաև' տեղեկությունները այն մարդու հետաքրքրությունների մասին, ում ցանկանում եք գրավել: Այդ տեղեկությունները, որպես կանոն, նշված են լինում «անձնական տեղեկություններ» հատվածում: Դրանք կարող են տեղեկություններ լինել մարդու երաժշտական կամ կինո նախասիրությունների մասին:
Վատ բան չկա, եթե շփման առաջարկի նախաձեռնողը դուք լինեք, ի վերջո, մարդիկ այցելում են սոցիալական կայքեր հենց շփման նպատակով:
Պետք չէ զրույցի առաջին պահից ճշգրտել զրուցակցի, այսպես կոչված, անձնագրային տվյալները: Դա կարող է վանել, շատ ավելի ճիշտ կլինի սկսել զրույցը կողմնակի հետաքրքիր թեմաներից:
Պետք չէ նոր ծանոթից միանգամից պահանջել նրա լուսանկարը և ուղարկել ձերը: Բնական է, որ դուք հետաքրքրվում եք ձեր նոր ծանոթի արտաքինով, սակայն դա կարելի է անել որոշ ժամանակ շփվելուց հետո:
Մի չարաշահեք սմայլիկները. անշուշտ դա հույզերի արտահայտման լավ միջոց է, սակայն երբեմն ավելի ճիշտ է զգացմունքներն ու հույզերը նկարագրել սեփական բառերով:
Մի շտապեք ծանոթությունը վիրտուալ հարթությունից տեղափոխել իրական կյանք: Վտանգ կա, որ ձեր 29-ամյա արքայազնն ընդամենը 50-անց գործազուրկ է կամ 15-ամյա դեռահաս աղջիկ, ով պարզապես ցանկացել է մի փոքր զվարճանալ: Ուստի չարժե անհապաղ հավատալ այն ամենին, ինչ ասում է ձեր զրուցակիցը: Անկախ ամեն ինչից միշտ հաշվի առեք, որ վիրտուալ առանցքում մարդիկ իրենց արժանիքները փոքր ինչ ուռճացնելու հատկություն ունեն:
Եվ ամենակարևորը' համացանցային շփումն առաջին հերթին պետք է հաճելի լինի ձեզ և խնդիրներ չառաջացնի: Մի խուսափեք քաղաքավարի մերժումից, եթե չեք ցանկանում շարունակել համացանցային ծանոթությունը: