2012թ.-ը բավականին հագեցած էր հանրահայտ մարդկանց անձնական սիրային պատմություններով: Սույն հոդվածում կներկայացնենք 2012-ի ամենավառ սիրային իրադարձությունները աստղային կյանքում:

Ամենահաճելի սիրային իրադարձություններն, անշուշտ, աստղային հարսանիքներն են:

Ջասթին Թիմբերլեյք և Ջեսիկա Բիլ.նրանք պսակադրվել են հոկտեմբերի 19-ին իտալական Ռիվյերայում: Երիտասարդ ամուսինը հարսանեկան խնջույքին հատուկ սերենադ է երգել իր սիրելիի համար: Հարսնացուն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մեմֆիս' Թիմբերլեյքի առանձնատուն, որպեսզի նրանք միասին զբաղվեն երեխաների դաստիարակությամբ:

Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին օրինականացրել են իրենց հարաբերությունները սեպտեմբերի 9-ին: Պսակադրության լուրը շատ անսպասելի էր դերասանի երկրպագուների համար: Այն գաղտնի է անցկացվել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում մտերիմ ընկերների և բարեկամների նեղ շրջանում:

Ալեք Բոլդուին և Հիլարիա Թոմասն օրինականացրել են իրենց հարաբերությունները հունիսի 30-ին: Դերասան Ալեք Բոլդուինի հարսնացուն, որը նաև վերջինիս յոգայի մարզիչն է, փոքր է դերասանից 26 տարով: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նյու-Յորքի ամենահին եկեղեցիում: Հյուրերի կազմում է եղել նաև հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենը:

2012թ-ը նաև մի շարք հանրահայտ սիրավեպերի ավարտի տարի էր:

Թոմ Կրուզ և Քեթի Հոլմս աստղային զույգն ամուսնալուծվել է հուլիսի 9-ին: Նրանց ամուսնալությունը Հոլիվուդի համար ռեկորդային արագությամբ իրականացվեց. բոլոր փաստաթղթերը ստորագրվել են երկու շաբաթում: Ամուսինների բաժանման պատճառը գաղտնի է պահվում, սակայն լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ամուսնալուծության նախաձեռնողը եղել է Թոմ Կրուզի կինը:

Հունվարին իրենց հարաբերություններին վերջ տվեցին Հայդի Կլումն ու Սիլը: Սուպերմոդելն ու երգիչը, որոնք ամուսնացել էին 7 տարի առաջ Մեքսիկայում, ամուսնալուծվեցին' մնալով լավ ընկերներ: Նրանք միմյանց խոստացել են բարիդրացիական հարաբերություններ և փոխադարձ օժանդակություն երեխաների խնամքի հարցում:

Հազարավոր կանանց կուռք, դերասան Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի բաժանման լուրը հայտնի դարձավ հունիսին: Մամուլում լուրեր էին պտտվում, որ Դեպը լքել է կնոջն ու երկու երեխաներին երիտասարդ դերասանուհի Էմբեր Հերդի հետ սիրավեպի համար: