Վեջին տարիներին Հայաստանում սկսել են բացվել և շատանալ «Ամուսնական գործակալությունները», որտեղ աշխատում են հատուկ մասնագետներ, ովքեր դիմողների ցանկում գտնում են ամենահամապատասխան զույգերին և օգնում նրանց կազմել ընտանիք: Մեկ այլ հարց է, թե որքանով այդ ընտանիքն ամուր և երջանիկ կլինի:
Երևանում գործող երկու ամուսնական գործակալություններ կան ՝ «Հանդիպում» և «Երջանկության գաղտնիքը»:
«Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնը գործում է արդեն 12 տարի: Այն այս ընթացքում հասցրել է միավորել 700-800 զույգերի և ունեցել է ընդամենը ամուսնալուծության երեք դեպք: Կենտրոնում կարող է գրանցվել ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր անձ' վճարելով 12500 դրամ անժամկետ պայմանագրի համար: Կենտրոնի կարգախոսն է' «Հանուն հայրենիքի կազմենք ընտանիք»:
Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը պատմում է, որ սկզբնական շրջանում մարդիկ գաղտագողի էին գալիս, միայնակ, որ հանկարծ ոչ ոք չիմանա: Բայց հիմա մտածելակերպը փոխվել է: Պատահում է, որ զավակները գալիս են ծնողներին են գրանցում, կամ ծնողներն են երեխաների համար գալիս. «Հիմա մարդիկ, հատկապես կանայք, հասկացել են, որ իրենք են ընտրություն կատարողը և որոշողը: Ամեն մարդ ընտրելու և ընտրվելու հնարավորություն ունի այստեղ»:
Տնօրենի խոսքով իրենց այցելուները կայացած մարդիկ են, հաճախ' մի քանի բարձրագույն կրթությամբ, և խիստ զբաղվածության պատճառով պարզապես չեն կարողացել գտնել իրենց կեսին:
Այս գործակալության այցելու կանայք ուզում են երջանիկ ամուսնություն, հավատարիմ ամուսին, ամուր հենարան, որ իրենց վստահ ու պաշտպանված զգան: Տղամարդու արտաքինը կանայք չեն կարևորում: Նյութականն էլ քչերն են առաջնային համարում: Տղամարդիկ կարևորում են արտաքինը, փնտրում են գեղեցիկ ու քնքուշ կանանց, այստեղ էլ է գործում այն խոսքը, թե ընդունում են հագուստով, ճանապարհում խելքով:
Փողոցային ծանոթություններին փոխարինելու է եկել վիրտուալ ծանոթությունը: Այժմ սովորական երևույթ է սոց. ցանցերի միջոցով ծանոթությունն ու ամուսնությունը: Ականատես եմ եղել դեպքերի, երբ երիտասարդ տղան չի կարողանում շփում հաստատել կյանքում, իսկ վիրտուալ աշխարհում ավելի ազատ և ինքնավստահ է լինում:
Եթե կա հնարավորություն գտնելու իրական կեսիդ, ապա ինչ կարևոր է՝ հանդիպել ես նրան փողոցում, համերգի ժամանակ, սրճարանում, թատրոնում, հարևանի տանը, թե ծանոթացել ես սոց. ցանցով, կարևորը հետագայում ամուր ընտանիք ստեղծելն ու ազգին պիտանի զավակներ պարգևելն է:
Իսկ ամուսնական գործակալություններն էլ իրենց հերթին կօգնեն այն մարդկանց, ովքեր պարզապես չեն կարողացել գտնել կյանքի ընկեր:
ԻՆՁ ՈՒՐԱԽ ՕՐԵՐԻ ԸՆԿԵՐ ՊԵՏՔ ՉԷ,
ԻՆՁ ՏԽՈՒՐ ՕՐԵՐԻ ԸՆԿԵՐ Է ՊԵՏՔ:
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
NRNAK.com