Վաղը Սերժ Սարգսյանը մեկնում է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական միության Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում, հավանաբար, կքննարկվի նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն էլ մեկնում է ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու:
Այլ պարագայում՝ կարելի էր նաեւ ուրախանալ, որ Հայաստանի իշխանությունը նման արդյունավետ քաղաքականություն է իրականացնում՝ ձգտելով հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը ծառայեցնել երկրի զարգացմանը:
Իրականությունը, սակայն, այլ է եւ մտորելու տեղիք տվող:
Բանն այն է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարները մշուշոտ են: Համենայն դեպս, այդ միության երեք անդամներից երկուսը՝ Ղազախստանն ու Բելառուսը, հորդորում են այս հարցում չշտապել:
Եվրոպացիք էլ ասում են, որ միայն Վիլնյուսի գագաթաժողովից հետո կարելի է զրույց ծավալել ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության հեռանկարների ու ձեւաչափի մասին՝ չնայած այն հանգամանքին, որ մերոնք տենչում են Լիտվայի մայրաքաղաքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել:
Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունն ընդամենն ՙոչ՚ էր եվրաինտեգրացիայի քաղաքականությանը՝ առանց հստակ ռուսական երաշխիքների:
Ըստ այդմ, Հայաստանը սահմանափակեց իր զարգացման եվրոպական ուղղությունը, իսկ Ռուսաստանի համար կորցրեց իր նշանակությունը: