Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է խոսակցություններն այն մասին, որ հեռանալով պաշտոնից՝ երկիրը ղեկավարելու է հետնաբեմից։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է France-Presse գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ նման քայլն անիմաստ է համարում։
Նա նաև հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է և նախագահական ժամկետի ավարտից հետո հնարավոր է, որ նա դատարանի առաջ կանգնի։
«Սաակաշվիլին քաղաքական դիակ է։ Նա այլևս երբեք Վրաստանում քաղաքական կարիերա չի ունենա։ Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին շատ հարցերի համար պետք է պատասխան տա, և մեծ է հավանականությունը, որ նա կհարցաքննվի»,-ասել է Իվանիշվիլին։
Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ պաշտոնը կթողնի հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց։
«Նախագահի երդմնակալությունից մեկ շաբաթ անց ես կթողնեմ պաշտոնն ու հրաժարական կտամ մինչև նոյեմբերի 24-ը»,-հայտարարել է Իվանիշվիլին։
Վրաստանի վարչապետը նաև նշել է, թե ենթադրում է, որ «Վրացական երազանք» կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին կհաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում։