Սեպտեմբերի 20-ին Կառավարությունը որոշեց 7,5 միլիարդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Երթևեկությանը բավարարող ասֆալտը քանդվում և նորն է փռվում, որը, գումարի ծախսման արդյունավետության առումով, առնվազն կասկածելի է: Մինչդեռ, այդ գումարով կարելի էր մոտ 240000 թոշակառուի (Հայաստանում հաշվառված թոշակառուների գրեթե կեսը) թոշակները 30000 դրամով բարձրացնել: Փաստորեն, 20-30 հազար թոշակ ստացող թոշակառուն արդեն 50-60 հազար դրամով Հայաստանում, գոնե, կհոգար նվազագույն կենսախնդիրները: Իսկ որտեղի՞ց նման հաշվարկ, շատ պարզ. 120000 պետական ծառայողի ամեն տարի փոխանցվում է 132000 դրամ սոցիալական փաթեթ, որի համար բյուջեից հատկացվում է 18 միլիարդ դրամ: Մաթեմատիկական պարզ հաշվարկով մենք գրեթե կստանանք վերը բերված պատկերը: Մնացածն արդեն տեխնիկայի ու ցանկության հարց է: Բայց Կառավարությունը քաղաքական ու սոցիալական արդյունավետ որոշումներ կայացնելու խորքային պրոբլեմ ունի: Որոշում կայացնելը խաղ ու պար կամ սեփական ցանկության ռեալիզացիա չէ. այն ունի հաջորդական փուլեր՝ խնդրի բացահայտումից մինչև այլընտրանքների մշակում: Սակայն մեզ մոտ՝ ինչպես մեզ մոտ. ոչ մեխանիզմ, ոչ հաշվարկ ու ոչ էլ կամք. որոշումային փնթիություն կամ անորոշության բուֆոնադա: