219 տարի առաջ, այս օրը' հոկտեմբերի 16-ին Մադրասում Հարություն Շմավոնյանը տպագրեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: 9 տարի առաջ ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշեց ի հիշատակ այդ իրադարձության հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:
Թե այսօր ինչպիսին է մամուլի վիճակը Հայաստանում դժվար է միանշանակ ասել: Անձամբ ես շատ հաճախ ամենատարբեր' բացասականից միչև ընդհանուր առմամբ դրական տեսակետներ եմ կարդում ու լսում այդ հարցի շուրջ: Իմ համոզմամբ մամուլը մեր հասարակական համակարգի ամբաժանելի ուղեկիցն է ու ամբողջությամբ արտապատկերում է այն: Իսկ հասարակությունը բազմազան ու բազմաշերտ է' իր դրական ու բացասական երևույթներով:
Անձամբ ես մեր մամուլից միայն անաչառություն և անկաշառություն եմ ակնկալում: Մնացյալն ուղղել կարելի է. և’ պրոֆեսիոնալիզմի պակասը, և’ փորձը և կայացվածությունն ու պահանջվածությունը ժամանակի ու տարածության մեջ լուծումներ ունեցող խնդիրներ են: Կարևորը հանուն ճշմարտության ծառայելն է:
Սիրով շնորհավորում եմ Հայոց մամուլի էջերի համար ամենօրյա նվիրական ու պատասխանատու աշխատանք իրականացնող մեր բոլոր լրագրողներին, հրապարակախոսներին ու վերլուծաբաններին: Նաև Ձեր ջանքերով է քաղաքացիական ու քաղաքական, իրավական և հոգևոր-մշակութային դաստիարակություն ստանում հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ: Երանի բոլոր նրանց, ովքեր թուղթ մրոտելով կամ դեղին էջերում ցեխոտելով չեն զբաղվում, այլ իրանեց առաքելության մեջ ունեն վեհ ու առաքինի նպատակ' տեղեկացնել, իրազեկել, ուսուցանել, լուսավորել, և ամենակարևորը' մտածել ու մտահոգվել սովորեցնել:
Ջերմ մաղթանքներս ու անկեղծ շնորհավորանքներս եմ հղում Հայ, Հայատառ Մամուլին ծառայող մեր Հայրենիքի ու աշխարհասփյուռ Սփյուռքի բոլոր լրագրողներին: