2009թ․ Վանկուվերում ֆոտոնկարիչ Դինա Գոլդշտայնի “Ընկած արքայադուստրերը” ցուցահանդեսը մեծ աղմուկ բարձրացրեց՝ դառնալով բազմաթիվ քննադատների ուշադրության առարկա։ Ցուցահանդեսում ներկայացված ֆոտոնկարներում արվեստագետը ներկայացրել էր դիսնեյան հայտնի մուլտֆիլմերի արքայադուստրերի կյանքը հեքիաթի ավարտից տարիներ անց։ Աշխատանքների մասին հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ, անգամ մեղադրանքներ։ Սակայն փաստ է, որ Դինա Գոլդշտայնի աշխատանքները աննկատ չմնացին։
Հատկապես երկու ֆոտոնկար դարձան թեժ դեբատների առարկա՝ դիսնեյան Ժասմինը և Կարմիր Գլխարկը։ Սակայն երկար քննադատություններ լսելուց հետո նկարիչը պարզաբանեց, որ բոլոր աշխատանքները իր պատկերացումներն են, և ինքը փորձել է ներկայացնել այն իրավիճակները, որոնք կարող էին պատահել արքայադուստրերի հետ, եթե վերջիններս ապրեին մեր օրերում։
Ըստ էության, հեղինակը փորձել է մարդկանց ուշադրությունը գրավել մի շարք արդիական խնդիրների վրա՝ իր արվեստով ներդրում կատարելով դրանց լուծման մեջ։
“Անգամ հեքիաթի արքայադուստրերին են վերաբերում այն խնդիրները, որոնց կանայք բախվում են ամեն օր”,- ասել է նա։ Նկարներում Գոլդշտայնը անդրադարձել է ռասսիզմին, սեքսիզմին, այլ տիպի խտրականություններին, որոնք ցանկացած կնոջ կյանքում առկա են՝ անկախ նրա ազգությունից։
Ցուցադրության ներկայացրած աշխատանքները, ըստ էության, ամփոփում են այն միտքը, որ ճշմարտությունը ոչ միշտ է քաղցր, իսկ հեքիաթները կարող են և տխուր շարունակություն ունենալ։ “Happy end”-ից հետո պատմությունները շարունակվում են։ Պետք է մնալ ռեալիստ, փորձել տեսնել խնդիրները, լուծել դրանք, և չթաքնվել հեքիաթային իրականության մեջ։
Հ․Գ․ Սեղմեք նկարների վրա, դրանք ավելի մեծ դիտելու համար։