Ադրբեջանի ընտրությունները, ինչպես նաև հետընտրական իրավիճակը շարունակում են լուսաբանվել արևմտյան լրատվամիջոցներում:
Այս անգամ թեմային անդրադարձել է ԱՄՆ-ից հեռարձակվող The Young Turks -«Երիտասարդ թուրքեր» հեռուստահաղորդումը:
Ազգությամբ թուրք հաղորդավար Ջենք Ույգուրը բացահայտ հեգնանքով է խոսում ընտրությունների և հաղթած Իլհամ Ալիևի մասին, ժպիտով շեշտում, որ ընտրությունների արդյունքները հայտնի են եղել դեռևս մեկ օր առաջ: Նա խոսում է նաև Ալիևների ընտանիքի բռնապետության, կոռուպցիայի ու մշտապես կեղծված ընտրությունների մասին՝ սկսած Հեյդար Ալիևի պաշտոնավարումից: Եվ ոչ մի լավ խոսք, միայն ծաղր, ինչը վկայում է, որ Ադրբեջանից այլ բան չէին էլ սպասում:
Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքեն Ադրբեջանում այն հանգամանքին, որ եղբայրական թուրքն ակնհայտորեն նպաստում է Ադրբեջանի՝ վատ միջազգային վարկանիշ ձևավորելու փաստին: :)
Իհարկե, այնպես չէ, որ Ույգուրը մեր աչքի լույսն է, առավել ևս The Young Turks հաղորդաշարն իր տխրահռչակ, արմատներով հայ հաղորդավարով (անունը չեմ գրում, որպեսզի շատ չտարածվի, սև ՊՌ չդառնա), որը հայ և թուրք ժողովուրդների եղբայրության և անցյալը մոռանալու կոչեր է անում:
Այնուհանդերձ, ուշագրավ է հետևել թուրք-ադրբեջանական, իրականում ոչ այնքան անամպ հարաբերությունների մասին վկայող հերթական միջադեպին, հատկապես որ The Young Turks-ը մեծ լսարան ունի:
Խոսքս ավարտեմ Ույգուրի հեղինակած նախադասությամբ.
«Եթե նույնիսկ Հիսուս Քրիտոսն էլ իջնի երկնքից, Աստված ասի՝ սա իմ որդին է, ընտրեք, միևնույն է՝ 85 % ձայն չի հավաքի, դա անհնարին է»
Ահա և վիդեոն՝