Google ընկերությունը հայտարարել է քաղաքականության փոփոխության մասին, որը կառնչվի իր ծառայություններում հաշիվներ ունեցող օգտատերերին, գրում է ИТАР-ТАСС-ը։ Սկսած նոյեմբերի 11-ից՝ օգտատերերի լուսանկարներն ու անունները կօգտագործվեն գովազդային նպատակներով։ Այլ կերպ ասած՝ եթե օգտատերը «հավանել» է որևէ արտադրանք, մեկնաբանություն թողել կամ հետևում է որևէ արտադրողի էջին, ապա որոշ ժամանակ անց պետք չէ զարմանալ՝ հայտնաբերելով սեփական լուսանկարը գովազդային նյութերում և այն մարդկանց ցուցակներում, որոնք խորհուրդ են տվել այս կամ այն ապրանքը։ «Մենք փորձում ենք տրամադրել ձեզ, ինչպես նաև ձեր ընկերներին և մտերիմներին առավել օգտակար տեղեկություն։ Ծանոթների խորհուրդները կարևոր են, այդ պատճառով էլ ձեր մտերիմները, ընկերները և ծանոթները կարող են տեսնել լուսանկարներ ձեր էջից»,- նշել են ընկերությունից։ Միևնույն ժամանակ ընկերությունն օգտատերերին հնարավորություն է տվել հրաժարվել նման գովազդին մասնակցելուց։ Դրա համար օգտատերը պետք է սահմանափակի իր էջի հասանելիությունը։ Բացի այդ, 18 տարեկանից փոքր օգտատերերի էջերը նույնպես չեն օգտագործվի գովազդային նպատակներով։