Վերջերս կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքում իրականացվեց երիկամի վիրահատություն ժամանակակից' լապորոսկոպիկ եղանակով: Այս մեթոդով վիրահատությունը Հայաստանում բացառիկ է եւ իրականացվում է ընդամենը 3 բժշկական կենտրոններում, որոնցից մեկը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն է: Այս առիթով զրուցեցինք հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի օրդինատոր, ուրոլոգ-վիրաբույժ Վահրամ Հակոբյանի հետ, որն էլ հենց իրականացրել է առաջին վիրահատությունը:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս և ո՞ւմ նախաձեռնությամբ վիրահատության այս ժամանակակից մեթոդը ներդրվեց զինվորական հոսպիտալում:

-ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ վերջերս վերապատրաստվեցի Սանկ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի և նոր տեխնոլոգիաների և լապորոսկոպիկ վիրաբուժության քաղաքային կենտրոնում: Վերապատրաստվելուց հետո հոսպիտալում մոտ երկու շաբաթ առաջ իրականացրի երիկամի առաջին վիրահատությունը, որն արվեց լապորոսկոպիկ եղանակով:

Այսօր տարբեր երկրների առաջատար բժշկական կենտրոններում վիրահատությունների մեծ մասն արվում է լապորոսկոպիկ եղանակով, քանի որ այն բավականին արդյունավետ է:

-Ի տարբերություն վիրահատության ավանդական եղանակի' ի՞նչ առավելություններ ունի լապոսրոսկոպիկ եղանակը:

-Վիրահատության նոր մեթոդն ունի մի շարք առավելություններ' վիրահատական նվազագույն վերքեր, հետվիրահատական կարճ շրջան, հիվանդը հեշտ է հարմարվում իր վիճակին, արագ ապաքինվում է:

-Ինչպե՞ս է իրականացվում լապորոսկոպիկ եղանակով վիրահատությունը:

-Այն պահանջում է հատուկ տեխնիկական հմտություններ:Այսինքն՝ նախ պետք է ունենալ համապատասխան տեխնիկական հագեցվածություն և բնականաբար խոր գիտելիքներ:

-Զինվորական հոսպիտալում առաջին վիրահատությունն իրականացնելուց հետո արդյունքն արդարացրե՞ց Ձեր ակնկալիքները:

-Այո՛, միանշանակ: Վիրահատվողը մայոր Կարո Ավանեսյանն էր: Նա այժմ կարելի է ասել լիովին ապաքինված է: Վիրահատական վերքերը կարճ ժամանակում բուժվել են, սպան իրեն լավ ու առույգ է զգում: Առաջին վիրահատությունն իրականացնելիս ինձ աջակցեցին նաև կլինիկայի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանն ու անզգայաբան Անահիտ Աթոյանը: Շատ շնորհակալ եմ նրանց:

-Կարո՞ղ են այս բժշկական ծառայությունից օգտվել նաև ՀՀ այն քաղաքացիները, ովքեր զինծառայող չեն:

-Իհարկե, կարող են: Ինչպես գիտեք' զինվորականների համար բուժսպասարկումն անվճար է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ մյուս քաղաքացիներին, նրանք ևս կարող են օգտվել հոսպիտալի տարբեր ծառայություններից' օրենքով նախատեսված կարգով:

ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ