Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարող է ընդամենը մեկ կին ավելորդ հետաքրքրասիրության պատճառով փչացնել ամեն ինչ: Ահա վառ օրինակ...
Մ.-ն վերադարձավ գործուղումից… Չէ՛, սկսենք բուն նյութից...
Իսկական տղամարդը պետք է որդի ունենա, տուն կառուցի, ծառ տնկի և… ինչպես հարկն է թաքցնի պոռնոֆիլմերի իր հավաքածուն, որպեսզի ոչ ոք երբեք այն չգտնի: Տարիներ շարունակ Բուբլիկովին այնքան հեշտությամբ էր հաջողվել իրականացնել վերջին կետը, որ առաջին երեք կետի ուղղությամբ նա նույնիսկ չէր էլ մտածել: Մեծ հոգատարությամբ և զգուշությամբ նա տեղափոխում էր իր հավաքածուն համակարգչային մի պանակից մյուսը' ավելի ու ավելի խոր թաքցնելով այն. այդ հավաքածուն Բուբլիկովի իսկական հպարտությունն էր:
Մ.-ն իրեն բնորոշ նրբանկատությամբ երբեք չէր էլ հետաքրքրվել, թե Բուբլիկովի ինչին է հարկավոր համակարգիչը: Եթե այդ մասին մտահոգվեր, գուցե պոռնոֆիլմերի հավաքածուն ավելի շուտ հայտնաբերվեր: Իհարկե, նրա մոտ պարբերաբար ցանկություն էր առաջանում ստուգել գոնե Բուբլիկովի էլեկտրոնային փոստը' անցանկալի շփումներ գտնելու և դրանց վերջ տալու համար: Սակայն վերջինս անգամ հույժ կարևոր գործնական նամակներին շաբաթներով կարող էր չպատասխանել, ուստի Մ.-ն գիտակցում էր, որ նամակագրական սիրավեպի հավանականությունն ավելի քան չնչին է:
Այսպիսով՝ Մ.-ն վերադարձավ գործուղումից, իսկ Բուբլիկովը տանը չէր: Առավոտյան նա տեղափոխել էր իր հավաքածուն «Նախագիծ N 4» անվանումով պանակի մեջ և հանգիստ խղճով գնացել աշխատանքի: Իսկ Մ.-ն հենց այդ օրը, չգիտես ինչու, որոշեց ստուգել էլեկտրոնային փոստը ոչ թե իր, այլ Բուբլիկովի համակարգչից, ով թարսի պես մոռացել էր «թաքցնել» չարաբաստիկ «Նախագիծ N 4»-ը: Անշուշտ, ոչ մի նորմալ մարդու մտքով չի անցնի բաց անել ու ստուգել «Նախագիծ N 4» անունով պանակը: Սակայն, եթե այդ պանակը մոռացել են փակել, ապա ձևացնել, որ չես տեսնում դրա պարունակությունը, այնքան էլ հեշտ գործ չէ: Մտորելով, որ եթե սա N 4-ն է, ապա ի՞նչ է եղել առաջին 3 պանակներում, Մ.-ն բացեց առաջին «նյութը», որտեղ, վերնագրից դատելով, հերոսը «պատժում» էր հերոսուհուն օրալ պատժամիջոցներով: «Բժիշկը և անպարտաճանաչ հիվանդը», «Դասախոսը և ծույլ ուսանողուհին», «Ճապոնացի աղջիկների չարաճճիությունները». պանակի կեսին հասնելով' Մ.-ն որոշեց դիմանալ մինչև վերջ, ծանոթանալ Բուբլիկովի բոլոր ֆետիշներին և առիթի դեպքում փորձել՝ «ինչպես կինոյում»: Սակայն այս մղումը շուտով փոխարինվեց անկեղծ զայրույթով: Բացի այդ, Մ.-ն եկավ այն եզրակացության, որ ոչ մի յուրահատուկ ֆետիշ Բուբլիկովը չուներ' հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրա հավաքած ֆիլմերում հերոսուհիներն առհասարակ նման չէին իրեն, քանի որ եթե դու ճապոնացի աղջիկ ես, ապա ուրիշ ոչ մեկին նման լինել չես կարող' կենսաբանական ու մշակութային առանձնահատկություններից ելնելով:
Եթե Մ.-ն ավելի շատ ժամանակ ունենար, գուցե հանդարտվեր, ու ամեն ինչ ինքնաբերաբար հարթվեր, սակայն անսպասելիորեն զանգահարեց Բուբլիկովը:
-Ո՞նց անցավ թռիչքը,- հետաքրքրվեց նա:
-«Հրաշեկ հրեա աղջիկը սևամորթների հետ»,- համարյա ճչաց Մ.-ն ,- իսկ ամուսինը նկարահանում է այդ ամենը տեսախցիկով:
- Այսի՞նքն,- շփոթվեց Բուբլիկովը:
-«Երիտասարդ գեղեցկուհին բուռն սեքս ունեցավ հարևանի հետ»,- պատասխանեց Մ.-ն:
-Սատանա՛ն տանի,- դժգոհեց Բուբլիկովը:
-Մեծ կրծքով կինը…
-Գալի՛ս եմ,- կարճ նետեց Բուբլիկովը:
Կես ժամ հետո նա մեղավոր աշակերտի պես փորձում էր արդարանալ.
-Սիրելիս, ես նույնիսկ չեմ հասցրել դրանք դիտել:
-Ի՞նչ ես ասում,- զարմացած պատասխանեց Մ.-ն,- չե՞ս դիտել, համոզվա՞ծ ես:
-Դե հազարից մեկ, երբ դու մեկնում ես գործուղումների, իսկ ես տխրում եմ առանց քեզ. պարզապես ժամանակ եմ սպանում:
-Իսկ մի հետաքրքիր գիրք կարդալ մտքովդ չի՞ անցնում, հենց այնպես, ժամանակ սպանելու համար…
Նրանք դեռ շատ երկար էին վիճում: Բուբլիկովը պարբերաբար քթի տակ ծիծաղում էր, ինչն էլ ավելի էր զայրացնում Մ.-ին: Խոսակցության վերջում նա սրտանց առաջարկեց ամուսնանալ:
-Կարո՞ղ ես ինձ բացատրել,- սկսեց Մ.-ն,- ինչո՞ւ է այնպես ստացվում, որ ամեն անգամ, երբ մենք հայտնվում ենք որևէ … տհաճ և դժվարին իրավիճակում, դու առաջարկում ես ամուսնանալ. «Սիրելի՛ս, բոլոր կարկանդակները կերա ու քեզ ոչ մի հատ չթողեցի, արի՛ ամուսնանանք», «Սիրելի՛ս, կատվին մոռացել եմ կերակրել, արի՛ ամուսնանանք», «Սիրելի՛ս, պահարանն այդպես էլ չվերանորոգեցի, արի՛ ամուսնանանք», «Սիրելի՛ս, ես ունեմ պոռնոֆիլմերի ամենամեծ հավաքածուն մեր քաղաքում, արի՛ ամուսնանանք»: Ոչ մի տարօրինակ բան չե՞ս տեսնում այդ փաստի մեջ: Այնպիսի տպավորություն է, որ դու մեր հավանական ամուսնությունն առաջարկում ես որպես պատժամիջոց:
Բուբլիկովը չհակաճառեց ու մեղավորի հայացքով քայլեց ողջ երեկո: Հոգու խորքում նա իհարկե համոզված էր, որ ոչ մի սարսափելի բան էլ չի պատահել: Իսկ ի՞նչ կարիք կա բաց անել ուրիշի համակարգիչն ու ծանոթանալ պարունակությանը, եթե համոզված չես, որ կարող ես համակերպվել հետևանքների հետ:
Երբ նրանք արդեն պառկած էին անկողնում' մթության մեջ, Բուբլիկովը ևս մեկ անգամ փորձեց մեղմել իրավիճակը և իրեն բնորոշ «նրբանկատությամբ» հարցրեց.
-Սե՞քս:
-«Փորձառու մարզիչը երիտասարդ աշակերտուհու հետ' ձյան վրա»,- կտրուկ ասաց Մ.-ն ու շրջվեց հակառակ կողմի վրա:
-Միայն մայրիկիդ չպատմես,- աղաչեց Բուբլիկովը,- նա չի դիմանա այդ հարվածին:
-«Տնային տնտեսուհին պիցցայի ցրիչի հետ»,- զայրացած շարունակեց Մ.-ն,- արի՛ քնենք:
-Արի՛ ամուսնանանք,- նորից առաջարկեց Բուբլիկովը, երբ Մ.-ն սկսեց համեմատաբար հանդարտ շնչել…
Մոտ կես ժամ հետո նա կտրուկ շրջվեց դեպի Բուբլիկովը… և առաքինի սկզբունքները տեղի տվեցին «ինչպես կինոյում»-ը փորձարկելու գայթակղությանը: