ԱՓՍՈՍ, ԱՆՈՒՆԸ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ
Ափսոս, չեմ հիշում այն հերոս զինվորի անուն-ազգանունը: Հայոց նոր կազմավորված բանակի առաջին զինվորներից էր: Թշնամին հայտնաբերել էր մեր թաքստոցը, որտեղ տեղակայված էր մեր տեխնիկան: Զգացվում էր, որ ամեն մի կրակոցից հետո արկերը պայթում էին ավելի մոտ տարածքում: Անհապաղ պետք էր դուրս բերել տեխնիկան: Ահավոր հրետակոծության տակ, երբ անվնաս դուրս բերեցինք տեխնիկան, հանկարծ տեսանք, որ զրահամեքենաներից մեկը մնացել էր իր տեղում: Վարորդը չկար ու չկար: Մեկ էլ մեր զինվորներից մեկը, իջնելով իր զրահամեքենայից, առանց հրահանգի սկսեց վազել եկած ճանապարհով: Հասավ, նստեց, գործարկեց ու կայծակնային արագությամբ, արկերի տարափի տակ, հասավ մեզ: Բոլորն ուրախությունից գրկում, համբուրում էին զինվորին:
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
«Վիրավոր փախչում էի տանկի առջևից,- պատմում է ազատամարտիկ Արմենը,- արդեն ուժասպառ էի, և իմ ու տանկի միջև ընկած տարածությունը արագորեն կրճատվում էր: Ուրիշ ճար չկար, ու հուսահատ' ինձ նետեցի փոսը: Տանկը հասավ փոսին, ու հռնդյունը մարեց: Քիչ անց դուրս եկավ տանկիստը ու մոտեցավ փոսին, որտեղ «անշունչ» պառկել էի: Կանգնեց իմ գլխավերևում, նայեց, նայեց, ապա փոշոտված գլխարկը թափ տալով վրաս' ռուսերեն հայհոյեց ու քայլեց դեպի տանկը: Նորից լսվեց տանկի հռնդյունը, և «երկաթե հսկան» շարժվեց ուրիշ ուղղությամբ: Հաճախ եմ մտաբերում այդ պահը և փորձում վերականգնել նրա կերպարը, շեկ մազերը, որոնք ավելի պարզորոշ նկատեցի, երբ հանեց գլխարկը»:
ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
կարդացեք այստեղ' http://www.hayzinvor.am/22676.html