ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանում շատերի կողմից վաղուց սիրված հայտնի լատվիացի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Ռայմոնդ Պաուլսը ելույթ կունենա Երեւանում՝ հոկտեմբերի 13-ին:

Ինչպես հայտնել են NEWS.am STYLE-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ եւ տեղի կունենա համեչգը, միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում Հայաստանում Լատվիական Հանրապետության դեսպանատունը:

Կոմպոզիտորի համերգը կսկսվի 18:00-ին, իսկ տոմսերի արժեքը տատանվում է 20-ից 40 հազար դրամի սահմաններում:

Հայտնի կոմպոզիտոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, «Յուրմակլա» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների կազմակերպիչ Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին՝ Ռիգայի Իլգյուցիեմս թաղամասում:Ապագա կոմպոզիտորի երաժշտական կրթությունը սկսվել է դեռեւս երեքամյա հասակում, երբ նա ընդունվել է Առաջին երաժշտական ինստիտուտի մանկապարտեզը:

Արդեն լինելով Լատվիական պետական կոնսերվատորիայի ուսանող՝ Պաուլսը հանդես էր գալիս տարբեր ջազային եւ էստրադային նվագախմբերում որպես դաշնակահար:Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ռայմոնդ Պաուլսը աշխատել է Ռիգայի էստրադային նվագախմբում, համերգներով հանդես է եկել Վրաստանում, Հայաստանում եւ Ուկրաինայում: 1964 թվականից մինչեւ 1970-ների սկիզբը նա նվագախմբի ղեկավարն է եղել: 1991-ից 1993 թվականները Պաուլսը նշանակվել է որպես Լատվիայի մշակույթի նախարար, իսկ 1999 թվականին եղել երկրի նախագահի թեկնածու, սակայն շուտով հրաժարվել է իր թեկնածությունից:

Ռայմոնդ Պաուլսը հանդիսանում է նախկին սովետական տարածքի այնպիսի հայտնի էստրադային երգիչների հիթերի հեղինակը, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լայմա Վայկուլեն, Վալերի Լեոնտյեւը, Լյուդմիլա Սենչինան եւ մյուսները: