Աթերոսկլերոզը երակների պատերին առաջացող վահանիկների հետ կապված հիվանդություն է: Այդ վահանիկները խոչընդոտում են արյան բնականոն հոսքը'հանգեցնելով ինֆարկտի, ինսուլտի և այլ ծանր հիվանդությունների զարգացման: Նախկինում աթերոսկլերոզի զարգացման հիմնական պատճառ էր համարվում խոլեստերինի մեծ քանակությունն օրգանիզմում: Սակայն Տորոնտոյի համալսարանի (Կանադա) և Մասաչուսեթս նահանգի (ԱՄՆ) գլխավոր կլինիկայի գիտնականները, համախմբվելով, պարզել են, որ խոլեստերինի ստվերի ներքո թաքնվում են իրական չարագործները' վերոնշյան վահանիկի մեջ զարգացող արյան սպիտակ գնդիկները (մակրոֆագ):
"Նախկինում մենք մտածում էինք, որ այդ բորբոքային մակրոֆագերը ծագում են առնում արյան հոսքից, բայց դա իրականության մեկ մասն էր միայն: Մենք ապացուցեցինք, որ միկրոֆագերը ոչ միայն ներթափանցում են արտաքին կողմից, այլև զարգանում են անմիջապես վահանիկի ներսում",-ասում է հետազոտության ղեկավար Քլինթ Ռոբինսը:
Այս բացահայտման ազդեցությունը բուժման մեթոդների վրա շատ մեծ է: Այժմ դեղագործական ընկերություններն ահռելի գումարներ են ծախսում՝ փորձելով արգելափակել մակրոֆագերի մուտքը արյունից դեպի անոթի վահանիկ: Բայց եթե այս բորբոքային բջիջները ինքնավերարտադրվում են դրա ներսում, ապա այս մոտեցումը այնքան էլ արդյունավետ չի լինի:
"Մեր աշխատությունն անկասկած "մտքի սնունդ" է տալիս գիտնականներին և կլինիկայի աշխատակիցներին",-պնդում է Մասաչուսեթսի գլխավոր կլինիկայի ղեկավար, գիտաշխատող Ֆիլիպ Սվիրսկին:
Վահանիկի ներսում մակրոֆագերի պրոլիֆերացիան (վերարտադրումը) հետագայում կարող է դառնալ դեղագործական ընկերությունների գլխավոր թիրախը: Այս մոտեցումը կրկնակի շահավետ է, քանի որ այն չի առնչվում մոնոցիտների (արյան հոսքում գտնվող մակրոֆագեր) օգտակար իմունային գործառույթների հետ:
Բացի այդ, տվյալ աշխատությունը ստիպում է նոր հայացքով նայել աթերոսկլերոզի՝ արդեն գոյություն ունեցող բուժման մեթոդներին: Մասնավորապես, արյան մեջ խոլեստերինի քանակությունը նվազեցնող դեղերից ստատինները գործում են նաև հակաբորբոքային ազդեցություն: Բնականաբար հարց է առաջանում' նվազեցնո՞ւմ են արդյոք դրանք միկրոֆագերի ակտիվ զարգացումը վահանիկի ներսում: Դեռևս պարզ չէ:
Փորձերը կատարվել են մկների վրա, այդ իսկ պատճառով հեղինակները նշում են, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան բացահայտել, թե ինչպես է այս երևույթը դրսևորվում մարդու օրգանիզմում:
Ամերիկա-կանադական այս խմբի հաջորդ քայլը կլինի ուսումնասիրություն, որի շնորհիվ նրանք կփորձեն բացահայտել, թե կապված է արդյոք միկրոֆագերի պոլիֆերացիայի ակտիվությունը աթերոսկլերոզի փուլերի հետ, և արդյոք դրանց բոլորին բնորոշ են նույն հատկանիշները:
Հիմա արդեն հստակ է, որ մոտ ապագայում աթերոսկլերոզի մասին բազմաթիվ հիմնարար հասկացություններ վերանայվելու են:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ zdorovieinfo.ru կայքի