Lincoln ապրանքանիշի տեր Ford ընկերությունը 2013թ. սպասվող Lincoln MKZ մոդելով նախատեսում է լիարժեքորեն ինտեգրվել ճոխ ավտոմեքենաների շարքեր և վերածնել ապրանքանիշի համբավը:
Այս տարվա հունվարին Դետրոիտի ավտոցուցադրության ժամանակ ներկայացված Lincoln MKZ ցուցանմուշի հենքի վրա պատրաստված այս մոդելը նախատեսում է հեղաշրջում առաջացնել Lincoln-ի արտադրության մեջ:

Մոդելի արտաքին տեսքը ստեղծված է էլեգանտ պարզության սկզբունքով, սակայն հատկապես ներքին հարդարանքն է արժանի հիացմունքի: Սրահում ուշագրավ է նոր սեղմակը, որով կատարվում է արագությունների արագ և սահուն փոխանցում և MKZ մոդելն, իհարկե, ունի SYNC և MyLincoln Touch՝ 25 սմ LCD հպէկրանով:


Սրահը լիովին կաշվեպատ է՝ մետաղական երանգով և փայտե դեկորատիվ շերտերով: Փակ դռներով և պատուհաններով ավտոմեքենայում բոլորովին անլսելի է փողոցի աղմուկը՝ ի շնորհիվ աղմուկը կանխող Active Noise Control համակարգի: Ըստ պատվիրատուի պահանջի ավտոմեքենան կարող է ունենալ նաև 4.6 մետրանոց բացվող համայնապատկերային տանիք:

Lincoln MKZ-ն արտադրվելու է 3 տարբեր ուժային համակարգերով. 2լ ծավալով EcoBoost 4-մխոցանի 240 ձիաուժ հզորությամբ շարժիչով, 3.7լ ծավալով V6 300 ձիաուժ հզորությամբ շարժիչով և հիբրիդ՝ 2լ ծավալով 4 -մխոցանի 188 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Վերջինս, ըստ արտադրողի, լինելու է ԱՄՆ-ի ամենախնայողական ավտոմեքենան:
Ըստ փորձագետների Lincoln MKZ-ը մրցակիցներից հատկապես տարբերվելու է հզոր անվտանգության համակարգով: MKZ-ն առաջին անգամ ներկայացվելու է այս շաբաթ Նյու-Յորքի ավտոցուցադրության ժամանակ: