Հայաստանը մոտ 150 երկրների շարքում, երջանիկ կյանքով, 126-րդ տեղում է, ամեն ինչ շատ հուսադրող է. մեզնից հետո էլի երկրներ կան: Վերջերս նաև Հայաստանն արձանագրեց դարակազմիկ պրոգրես՝ բիզնես միջավայրը բարելավելով 3 կետով, 82-ից 79-ը, կարծեմ: Իսկ հիմա բյուջեն է նախագծման փուլում. նախորդ տարվա 7,2 տոկոսանոց չինական ցուցանիշ չկա, բայց 5,2-ն արդեն պատրաստ է: Ըստ երևույթին, այն մինչև տարվա վերջ կորոշվի հասցնել ոչ պակաս, քան 7,2-ի: Միայն Հայաստանում է տնտեսական աճի ցուցանիշը կարգադրությամբ լինում: Բյուջեով թոշակառուները կսկսեն 15 տոկոսով ավելի լավ ապրել, եթե վայրի բիզնեսմենները այդ թվից ինչ-որ ծվեն թողեն՝ ապրանքների գները երկրաչափական պրոգրեսիայով չթանկացնելով: Պետական ծառայողների համար էլ, կարծես, կրկին "սիրելի "հուլիս" ամիսն է նշված աշխատավարձի 40 տոկոսով բարձրացման և բարեկեցիկ գոյատևման փուլ մուտքի ժամանակահարթակը, Բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, դեռ այս տարվա հուլիսից էր խոստացվել աշխատավարձերի շոշափելի աճ: Փաստորեն, հուլիսը, մեղմ ասած, լեգիտիմության խնդիր ունի: Ինչպիսի զուգադիպություն. խոստացված, բայց խոստմնազանց հուլիս, Սահմանադրություն, իշխանություն. երեքն էլ ունեն միևնույն պրոբլեմը՝ լեգիտիմության կառուցվածքային-խրոնիկ ճգնաժամ: Բայց հուլիսը լավ ամիս է... ջերմ, բարեբեր, ինչպես որ Հայաստանն ու Հայ ժողովուրդը...